
Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը․ Factor.am
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իրավական «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։
Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ևս հաստատեց, որ նման քննարկում և որոշում եղել է, սակայն, նա նշում է՝ ոչ թե «արխիվ» է ուղարկվում, այլ «գաղտնի բաժին»։ Այս որոշումը Անդրանիկ Քոչարյանը հետքայլ չի համարում, նշում է՝ գաղտնիության ռեժիմին հասանելիություն ունեցող անձինք կարող են ծանոթանալ զեկույցի բովանդակությանը։