
Համայնքում լարված մթնոլորտը նվազեցնելը իմ գործը չէ, թող իրավապահները զբաղվեն․ Փարաքարի նորընտիր ղեկավարի ճեպազրույցը
Այսօր Փարաքարում համայնքի ղեկավարի ընտրություն էր։ Ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը։ Ավագանու նիստին ներկա չի եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ախվերդյանի խոսքով՝ ՔՊ-ականների հետ տրամադրվածությունը նորմալ է և նրանց նիստին չներկայանալը բոյկոտ չէ։
«Գիտեին, որ ընտրվելու եմ, երևի դրա համար չեկան»,- ասել է Ախվերդյանը։
Լրագրողի հարցին՝ Փարաքարի ղեկավարի աթոռը խնդրահարույց է, ոչ մի ղեկավար հանգիստ չի հեռացել, Դուք տագնապներ չունե՞ք, Փարաքարի նորընտիր ղեկավարը բացասական պատասխան է տվել. «Ես ամենաթանկ ընկերոջս եմ կորցրել, ուրիշ ի՞նչ տագնապներ»։
Մերձավանում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Ախվերդյանը տեղյակ չէր, հորդորել է իրավապահ համակարգից ճշտել։ Հարցին՝ ի՞նչ է նախատեսում անել համայնքում լարվածությունը նվազեցնելու համար, Ախվերդյանը նշել է՝ դա իր գործը չէ, թող իրավապահները զբաղվեն։