07 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հալեպում ընթացող բախումները մոտ են հայկական թաղամասերին, դպրոցներն ու պետական կառույցները փակ են. ABC media-ին մանրամասներ են հայտնի դարձել

Հալեպում ընթացող բախումները մոտ են հայկական թաղամասերին, դպրոցներն ու պետական կառույցները փակ են. ABC media-ին մանրամասներ են հայտնի դարձել

Հալեպում մեկ օր շարունակված բախումներից հետո քաղաքում հաստատվել է հարաբերական անդորր, սակայն վիճակը մնում է լարված․ ABC media-ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Նրա խոսքով՝ բախումները տեղի են ունեցել քաղաքի հյուսիսային հատվածներում, որտեղ տեղակայված են քրդական ժողովրդավարական ուժեր և սիրիական ապահովական ստորաբաժանումներ։

«Երեկ ուշ գիշերին փոխհրաձգություններ սկսվեցին հենց բնակելի թաղամասերում։ Մարդիկ սարսափի մեջ էին, բնակիչներին հորդորեցին տներից դուրս չգալ։ Ավելի ուշ հայտարարվեց, որ կողմերը՝ սիրիական ապահովական ուժերն ու քրդական ինքնապաշտպանական ջոկատները, հրադադարի շուրջ համաձայնության են եկել»։

Պողիկյանի խոսքով՝ Հալեպի նահանգապետը այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բոլոր պետական հաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են անվտանգության նկատառումներով։ Բաց են միայն հիվանդանոցներն ու շտապ օգնության կենտրոնները, քանի որ նախօրեին եղել են նաև վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությունից։

Հալեպի հայ համայնքի շրջանում, ըստ Պողիկյանի, վիրավորներ կամ տուժածներ չկան:

«Չնայած հայկական թաղամասերը շատ մոտ են բախման վայրերին, հայ բնակիչները ցուցաբերեցին զգուշավորություն, և վնասվածներ չկան»,- նշեց նա։

Պողիկյանը հավելեց, որ վերջին տարիների լարվածության ֆոնին երիտասարդների մի մասը արդեն նախընտրում է տեղափոխվել Հայաստան, սակայն զանգվածային արտագաղթ այս պահին չի դիտվում։

Ըստ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրի՝ ներկայիս բախումները կապված են մարտի 10-ի համաձայնագրի հետ, որը ստորագրվել էր Սիրիայի կառավարության և քրդական «Ժողովրդավարական ուժերի» (Քասեդ) միջև։

«Ըստ համաձայնագրի՝ քրդական զինյալ խմբավորումները պետք է ներառվեին Սիրիական բանակի կազմում՝ պահպանելով մշակութային որոշ ազատություններ։ Սակայն գործնական փուլ այդ համաձայնությունը դեռ չի մտել, ինչն էլ առաջացնում է պարբերական լարվածություններ այնտեղ, որտեղ քրդական բնակչություն կա»,- եզրափակեց Պողիկյանը։

Ռազմագերիներ