
Ո՞վ է Փարաքարի նոր համայնքապետը, և ի՞նչ ճանապարհ է անցել
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր, և ընտրվել է միաձայն։
Օնիկ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։
Նա 52 տարեկան է։ Ծնվել է Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Ունի միջնակարգ կրթություն։ ՀՀ զինված ուժերում ծառայել է 1992–1994 թվականներին։
Ավելի քան 30 տարի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ Հայաստանում և արտերկրում։ Մինչ համայնքի խոշորացումը, եղել է Բաղրամյան գյուղի ավագանու անդամ։ Ախվերդյանը վերջին 4–5 տարիներին եղել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանի։
2021 թվականից անդամակցում է «Ապրելու երկիր» կուսակցությանը։ 2021 թվականի և 2025 թվականի Փարաքար համայնքի ընտրություններում եղել է Վալոդյա Գրիգորյանի թիմում՝ ավագանու անդամների ցուցակի երկրորդ տեղում։
Ամուսնացած է և ունի երեք երեխա։
Փարաքար համայնքի նոր ղեկավարի մասին կուսակցական ընկեր Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ ամբողջ թիմը և կուսակցությունը համայնքի նոր ղեկավարի կողքին են, և Վալոդյա Գրիգորյանի ժամանակ համայնքի բնակիչներին տրված բոլոր խոստումներն իրականացվելու են։