
Ալիևն ու Պուտինը կարող են հանդիպել Դուշանբեում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Ուշադրության կենտրոնում կլինեն առևտրային և ներդրումային գործընկերության զարգացումը և ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Նա հիշեցրել է, որ, Ռուսաստանի ղեկավարից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը։
Միջոցառումը կվարի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Պետությունների ղեկավարները սկզբում կհանդիպեն նեղ կազմով։ «Այս հանդիպմանը կմասնակցեն միայն ղեկավարները և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը», – պարզաբանել է Ուշակովը։
Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները կամփոփեն կազմակերպության այս տարվա գործունեությունը և կուրվագծեն ապագայի հիմնական նպատակները։
«Հանդիպումը հիմնականում կկենտրոնանա առևտրային և ներդրումային գործընկերության զարգացման և ԱՊՀ շրջանակներում կապերի ամրապնդման վրա: Այս ոլորտում կապերի ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», – հայտարարել է Ուշակովը:
Նա հավելել է, որ ղեկավարները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ և կքննարկեն Համագործակցության տարածքում անվտանգության հետ կապված հարցերը։ Բացի այդ՝ սպասվում է, որ ԱՊՀ գլխավոր քարտուղար Լեբեդևի լիազորությունների ժամկետը կերկարաձգվի ևս երեք տարով: Ուշակովի խոսքով՝ այս հարցը նախնական համաձայնեցվել է: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուշանբեում։ «Տաջիկստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ղեկավարների հետ, և Ալիևի հետ շփումների հնարավորությունը չի բացառվում», – գրել են ԶԼՄ-ները։