
Ծանր աշխատանքը սկսվում է հիմա․ որո՞նք են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հաջորդ քայլերը․ Հադսոնի ինստիտուտ
Սպիտակ տանն օգոստոսի 8-ին հյուրընկալելով ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդներին՝ նախագահ Թրամփը լրացրել է Ռուսաստանի անկման և Եվրոպայի անգործության հետևանքով առաջացած դիվանագիտական վակուումը։ Այս մասին գրում է Հադսոնի հետազոտական ինստիտուտի արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Լյուկ Քոֆին։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի՝ գործարքներ կնքելու բնազդային ձգտումը՝ զուգորդված պատմության մեջ որպես միջազգային խաղաղարար և պետական գործիչ մնալու նրա ցանկության հետ, դրդել է նրան վճռական քայլի՝ առաջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու ջանքերը: Գործարքը նրան նաև հնարավորություն է տվել լուծելու իր առաջին վարչակազմի ընթացքում ստեղծված խնդիրը: Չնայած Թրամփի հաճախակի պնդումներին, որ իր օրոք նոր պատերազմներ չեն սկսվել, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը բռնկվել է նրա նախագահության վերջին տարում: Նրա վարչակազմը որևէ իմաստալից ջանք չի գործադրել այն ավարտին հասցնելու համար՝ ստեղծելով վակուում, որը Մոսկվան լրացրել է ՝ միջնորդելով հրադադարի համաձայնագիրը, ինչն, ի վերջո, չկարողացավ իրականացնել:
Ինչպես նկատում է հեղինակը, Թրամփը, շատ առումներով, արդեն իսկ բաց դուռ է բացում։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հասկանում են կարգավորման և խաղաղության կարևորությունը։ Երկուսն էլ նաև ուժասպառ են Մոսկվայի անհաջող միջնորդական ջանքերից և նրա տարածաշրջանային ազդեցության նվազումից։
Այդուամենայնիվ, հորիզոնում դեռևս երեք մեծ մարտահրավեր կա.
- Վարչապետ Փաշինյանի քաղաքական կայունության վերաբերյալ հարցերը մնում են անպատասխան, որը կարող է խաթարվել, հատկապես հաջորդ տարվա հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քանի որ Հայաստանի ներսում ազգայնականները և Մոսկվայի կողմից աջակցվող խմբերը մարտահրավեր են նետում նրա հեղինակությանը և խաղաղության գործընթացի օրինականությանը։
- Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է ակնկալեն, որ Ռուսաստանը և Իրանը կփորձեն վարկաբեկել խաղաղության գործընթացը՝ սկսելով ապատեղեկատվական արշավներ։
- Շատ հարցեր մնում են անպատասխան այն մասին, թե ինչպե՞ս են ֆինանսավորվելու խաղաղության համաձայնագրում նախատեսված տարածաշրջանային տրանսպորտային կապերը, այդ թվում՝ «Թրամփի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP):
Առանց այս մարտահրավերների լուծման՝ նախագահ Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության նախաձեռնության նկատմամբ։ Միայն նրա անմիջական վերահսկողությունը կարող է ապահովել դրա հաջողությունը։
Շատ առումներով՝ ծանր աշխատանքը սկսվում է հիմա։ Երկու կողմերն էլ պարտավորվել են վավերացնել խաղաղության պայմանագիրը հաջորդ տարվա ընթացքում։ Վավերացումը հնարավոր դարձնելուց առաջ անհրաժեշտ է լուծել երկու հիմնական հարց՝ (1) Հայաստանի սահմանադրության կարևորագույն փոփոխությունները և (2) տեսանելի և իրական առաջընթացը TRIPP-ի ստեղծման և իրականացման գործում։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի ամենազգայուն աշխարհաքաղաքական տարածքներից մեկում անտեսված տրանսպորտային միջանցքը գործող միջազգային երթուղու վերածելու խնդիրը ո՛չ հեշտ կլինի, ո՛չ էլ պարզ:
Վերլուծաբանի խոսքով՝ տարածաշրջանի և դրանից դուրս տարբեր երկրներ տարբեր կերպ կդիտարկեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Սակայն, երբ այն վավերացվի, և երբ կյանքի կոչվեն այնպիսի դրույթներ, ինչպիսին է TRIPP-ը, կասկած չկա, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը կփոխվի։ Նման փոփոխությունները տեղի չեն ունենա վակուումում. դրանք կունենան երկրորդական և երրորդական ազդեցություններ ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս։
Ռուսաստան. Մոսկվան բախվում է ազդեցության նվազման և աճող անապահովության։ Ռուսաստանը նյարդային է մոտենում խաղաղության համաձայնագրին։ Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում անընդհատ նվազում է 2022 թվականից ի վեր՝ հիմնականում Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները լարված են։ Շատ հայեր կարծում են, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոսկվան չի կարողացել պահպանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում իր պարտավորությունները, ինչի պատճառով նրանք Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար ինքնաթիռի խոցումից հետո, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։ Քանի որ Միացյալ Նահանգներն այժմ առաջնորդում է խաղաղության գործընթացն այն տարածաշրջանում, որտեղ մի ժամանակ գերիշխում էր Ռուսաստանը, Մոսկվան, հավանաբար, ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վրաստանին։
Իրան. Թեհրանը հանդես է գալիս որպես ամենամեծ աշխարհաքաղաքական պարտվող։ Չնայած Իրանն ու Ադրբեջանը հրապարակավ պահպանում են ջերմ հարաբերություններ, նրանց միջև կապերը լարված են և երբեմն՝ բախումնային։ Ադրբեջանն անհանգստանում է Թեհրանի կողմից Իրանի հյուսիսում բնակվող էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև Իրանի կողմից Հայաստանին տասնամյակներ շարունակ ցուցաբերած աջակցության համար ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Երկու կողմերն էլ շարունակում են վիճարկել Կասպից ծովի իրենց սահմանները։ TRIPP-ի ստեղծումով և Թուրքիան Նախիջևանին կապող բնական գազատարի ավարտով՝ Իրանի ազդեցությունը Բաքվի նկատմամբ կտրուկ նվազել է։ Թեհրանի համար ավելի մտահոգիչ է այն, որ Միացյալ Նահանգներն այժմ անուղղակի դեր կունենա Հայաստանի հետ իր հյուսիսային սահմանի 26 մղոնանոց հատվածի շահագործման գործում։
Թուրքիա. Անկարան տարածաշրջանի ամենամեծ հաղթողն է: Խաղաղության համաձայնագիրը և TRIPP-ի ստեղծումը մեծացնում են Արևելք-Արևմուտք տրանսպորտային ուղիների դիմադրողականությունը, որոնք Թուրքիան կապում են Եվրասիայի սրտի հետ: Ներկայում Թուրքիայի հիմնական արևելյան երթուղին անցնում է Վրաստանով դեպի Ադրբեջան, ապա՝ Կասպից ծովով: TRIPP-ը նախատեսված չէ այս միջանցքը փոխարինելու, այլ՝ լրացնելու՝ ապահովելով այլընտրանքային երթուղի, որը կապահովի առևտրի շարունակականությունը, նույնիսկ եթե վրացական միջանցքը խափանվի: Ներկայում թուրքերը կառուցում են նոր երկաթուղի, որը կապում է Կարսը Դիլուջուի հետ, որը գտնվում է Թուրքիայի և Նախիջևանի սահմանին: Սա, ի վերջո, կմիանա TRIPP-ին և կշարունակվի դեպի Կենտրոնական Ասիա:
Թյուրքական պետությունների կազմակերպություն. Եվրասիան վերաձևավորվում է ի հայտ եկող դաշինքով։ Խաղաղության համաձայնագիրն ամրապնդում է Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) և արագացնում թյուրքական համախմբվածությունը Եվրասիայում։ Միասին ԹՊԿ-ն ներկայացնում է Եվրասիայում ի հայտ եկող աշխարհաքաղաքական բևեռ, որն ավելի ու ավելի կարող է մարտահրավեր նետել ռուսական ազդեցությանը։ Ղազախստանն ու Ղրղզստանը հրապարակավ աջակցել են ԹՊԿ-ի մյուս անդամ Ադրբեջանին Հայաստանի դեմ վերջին հակամարտության ժամանակ՝ ցույց տալով հավատարմություն ԹՊԿ-ին Մոսկվայի կողմից աջակցվող ՀԱՊԿ-ի դեմ, որի անդամ էր նաև Հայաստանը։
Միացյալ Նահանգներ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ստեղծում է վաղուց սպասված հնարավորություն Հարավային Կովկասում և դրանից դուրս ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության համար: ԱՄՆ-ի վերջին Կենտրոնական Ասիայի ռազմավարությունը, որը հրապարակվել է 2020 թվականի փետրվարին, արդեն հնացած է՝ հաշվի առնելով այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանային փոփոխությունների մասշտաբը՝ ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը: Հարավային Կովկասը և, մասնավորապես Ադրբեջանը, Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար Կենտրոնական Ասիա տանող հիմնական աշխարհագրական և տարանցիկ դարպաս է: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, զուգորդված TRIPP-ի ստեղծման հետ, Վաշինգտոնի համար հազվադեպ դիվանագիտական հաջողություն է Եվրասիայում: Միացյալ Նահանգները պետք է օգտագործի այս պահը՝ տարածաշրջանում որպես ռեզիդենտ տերություն ազդեցություն տարածելու համար։
Նախագահ Թրամփի Հարավային Կովկասի դիվանագիտական նախաձեռնությունը նոր հնարավորություն է բացում Վաշինգտոնի համար՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանում։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի առջև ծառացած բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերները՝ Վաշինգտոնի համար իմաստ ունի ակտիվ լինել Եվրասիայում։
Ըստ հեղինակի՝ Հայաստանը պետք է խորացնի կապերը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, սակայն Մոսկվան դեռևս ունի զգալի լծակներ: Ռուսաստանը պահպանում է 102-րդ ռազմական բազան Գյումրիում: Քաղաքականություն մշակողները չպետք է սպասեն Հայաստանի կողմնորոշման որևէ հանկարծակի փոփոխության, այլ փոխարենը պետք է որդեգրեն երկարաժամկետ և ռազմավարական մոտեցում:
Միացյալ Նահանգները պետք է աջակցի նոր տարանցիկ կապերի ստեղծմանը, որոնք կկապեն Հայաստանը տարածաշրջանի մնացած մասի հետ և կխթանեն հայ-ադրբեջանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ այնպիսիք, որոնք կարող են վստահություն ներշնչել:
Հոդվածագիրը նաև համարում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում։ Բացի բարձրաստիճան անձանց ավելի շատ այցելություններ կազմակերպելուց, Միացյալ Նահանգները պետք է դիտարկի տարածաշրջանի մի քանի ռազմավարական վայրերում ներկայություն՝ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն կամ այլ մշտական առաքելություն հիմնելու հնարավորությունը։ Դրանց թվում վերլուծաբանը նաև առանձնացնում է Կապանը, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Թեհրանը վերջերս այնտեղ հյուպատոսություն է բացել՝ գիտակցելով, որ հարավային Հայաստանը կդառնա տարածաշրջանային տրանսպորտային կապերի կենտրոնական կետ։
Վերլուծաբանը նաև առաջարկում է մեծացնել ԱՄՆ քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։ Նախագահ Թրամփը պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան և այդպիսով դառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը դա կանի։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրասիայում ԱՄՆ բարձր մակարդակի ներգրավվածության պակաս է եղել։ ԱՄՆ ոչ մի գործող նախագահ չի այցելել Հայաստան, Ադրբեջան կամ Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետություններից որևէ մեկը։ Ըստ նրա՝ Թրամփը կարող է նաև միջնորդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը