08 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հին ու նոր դեմքեր՝ խորհրդարանական ընտրությանն ընդառաջ․ ովքե՞ր կմասնակցեն 2026-ի ընտրությանը

Հին ու նոր դեմքեր՝ խորհրդարանական ընտրությանն ընդառաջ․ ովքե՞ր կմասնակցեն 2026-ի ընտրությանը

Չորս ամիս առաջ Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ սկսվեց 2026 թվականի համապետական ընտրությունների հետհաշվարկը. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի»: Նա վստահ է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 50+1% ձայն է հավաքելու: 

Քաղաքական տարբեր ուժեր արդեն տեղեկացրել են ընտրությանը մասնակցելու իրենց մտադրության մասին։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, մասնակցության մասին հայտարարեց օրեր առաջ։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ABC media-ի հետ զրույցում տեղեկացրեց «ստեղծելու են համաժողովրդական դիմադրություն»: Ավելին՝ նա նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ վերջին ասուլիսում տեղեկացրեց՝ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է ընտրություններին։ Ավելին՝ նրա կարծիքով «Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգում է զրոյի, եթե ընդդիմությունը սխալներ չգործի»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք որոշել են մասնակցել 2026-ի ընտրություններին՝ ավելացնելով, որ «իրենք որոշում չունեն, զբաղված են այլ գործով՝ իմպիչմենթի գործընթացով:

Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևով» շարժումը։ Կալանավորված գործարարը կալանավայրից է հայտարարել քաղաքական ուժ ստեղծելու և նոր դեմքերի ներգրավելու մասին։ Շարժումն արդեն ծրագիրն է ներկայացնում, բայց այն համակարգող Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքական միավորը կստեղծվի հունվարին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 18-ին է հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, պարզաբանելով, որ «լինելու է նոր թիմ»:

Քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ մասնագիտական կյանքը նվիրել է իրավապաշտպան գործին, սակայն այդ աշխատանքն արդյուքն չի տալիս:

Դեռևս 2024-ի փետրվարին առաջիկա համապետական ընտրությանը մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրությանը մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությամբ։ «Եվ քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, ես լինելու եմ, բնականաբար, թեկնածու»,-ասել էր նա:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ «իրենց նպատակն է իշխանություններին հեռացնել ընտրությունների միջոցով»:

Խորհրդարանական ընտրությանը մնացել է 8 ամիս։

Ռազմագերիներ