08 Հոկ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր  են քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները, որոնք փոխեցին քիմիայի աշխարհը

Ովքե՞ր են քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները, որոնք փոխեցին քիմիայի աշխարհը

2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականի՝ Սուսումու Կիտագավային, Ռիչարդ Ռոբսոնին և Օմար Յաղիին՝ մետաղ-օրգանական շրջանակների (MOFs) մշակման ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։

Սուսումու Կիտագավան 74 տարեկան է։ Ծնվել է Ճապոնիայում։ Նա վաղ տարիքից հետաքրքրված է եղել քիմիայով, և այն ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում։ Կիտագավան քիմիայի դոկտորի աստիճան է ստացել Կիոտոյի համալսարանում։ Կարիերան սկսել է որպես դասախոս, ապա շարունակել պրոֆեսորի պաշտոնում՝ առաջինը Տոկիոյի մայրաքաղաքային համալսարանում, իսկ հետո՝ Կիոտոյի համալսարանում, որտեղ դարձել է անօրգանական ֆունկցիոնալ քիմիայի պրոֆեսոր։

1997 թվականին Կիտագավան հայտնաբերել է, որ մետաղ-օրգանական պոլիմերային կառուցվածքները կարող են կլանել գազեր՝ բացելով նոր հնարավորություններ էներգիայի պահպանման ոլորտում։ Նրա հետազոտությունները կենտրոնացած էին ծակոտկեն պոլիմերների քիմիական և ֆիզիկական հատկությունների վրա, և հենց այդ աշխատանքներն են հիմք դրել մետաղ-օրգանական շրջանակների (MOFs) զարգացման համար։

Կիտագավան համահիմնադրել է Կիոտոյի համալսարանի Ինտեգրված բջջանյութային գիտությունների ինստիտուտը (iCeMS), որտեղ այժմ տնօրեն է։ Նրա գիտական հոդվածները գերազանցում են 600-ը, ինչը վկայում է նրա ազդեցիկ գիտական ավանդի մասին։

Իսկ մյուս Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ռոբսոնը տարիքով ամենամեծն է՝ 88 տարեկան։ Նա ծնվել է Մեծ Բրիտանիայի Արևմտյան Յորքշիրի Գլասբըրն քաղաքում։ Նա ևս վաղ տարիքից հետաքրքրված է եղել քիմիայով։ 25 տարեկանում ստացել է դոկտորի աստիճան: Ռոբսոնն իր հետդոկտորական հետազոտությունները կատարել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում 1962–1964 թվականներին, ապա շարունակել է Սթենֆորդի համալսարանում 1964–1965 թվականներին։ Հետո, 1966–1970 թվականներին, նա դասախոսել է Մելբուռնի համալսարանում, որտեղ էլ շարունակել է աշխատել իր ամբողջ կարիերայի ընթացքում։

Ռիչարդ Ռոբսոնի մուտքը մետաղ-օրգանական պոլիմերների աշխարհ սկսվել է 1974 թվականին, երբ նրան հանձնարարվել է պատրաստել բյուրեղային կառուցվածքների գնդաձև և փայտանման մոդելներ քիմիայի առաջին կուրսի դասախոսությունների համար։

Վեց տարի անց նա մշակել է կոորդինացիոն պոլիմերների նոր տեսակ, որը դարձել է քիմիական ոլորտի զարգացման հիմք։ Արդյունքում ստեղծվել են յուրահատուկ բյուրեղանման կառուցվածքով նյութեր։ Այս նոր մոտեցումը բացել է բացառիկ հնարավորություններ՝  նյութերի, դրանց հատկությունների ուսումնասիրության և տարբեր կիրառությունների համար։

1998 թվականին նրան շնորհվել է Ավստրալիայի թագավորական քիմիական ինստիտուտի անօրգանական բաժնի հեղինակավոր Բերոուզի մրցանակը։ Երկու տարի անց նա դարձել է Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 2022 թվականին պատվավոր անդամագրվել է Թագավորական ընկերությանը՝ ամրապնդելով իր դիրքը աշխարհահռչակ քիմիկոսների շարքում։

Իսկ Օմար Յաղին ծնվել է 1965 թվականի փետրվարի 9-ին՝ Ամմանում (Հորդանան)։ 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։

20 տարեկանում նա ավարտել է Նյու Յորքի նահանգի համալսարանը բակալավրի աստիճանով, այնուհետև շարունակել է գիտական ուղին Իլլինոյսի համալսարանում՝ 1990 թվականին ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան անօրգանական քիմիայի ոլորտում։

1992-ից 2011 թվականներին Յաղին աշխատել է տարբեր ամերիկյան համալսարաններում՝ Արիզոնայի, Միչիգանի, Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի, մինչև վերջապես հաստատվել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ այժմ նա ոչ միայն պրոֆեսոր է, այլ նաև Berkeley Global Science Institute–ի հիմնադիր տնօրենը։

Յաղին հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածի։

Ռազմագերիներ