
Ոչ թե դավաճանների փնտրտուք, այլ հայրենասերների համախմբում․ Արման Թաթոյանի ելույթը՝ կետերով
Արման Թաթոյանը տվել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկը։ Թաթոյանի ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Ինձ երկար ժամանակ հարցնում էին՝ ինչո՞ւ քաղաքականության մեջ լուրջ քայլեր չեմ անում․ ահա եկավ այդ պահը։ Մենք ստեղծում ենք «Միասնության թևեր» քաղաքական ուժը, որի նպատակը համախմբելն է։
- Այսօր մեզ պետք է կերտել այնպիսի պետություն, որտեղ Հայաստանը նորից ճիշտ է, որտեղ մենք նորից իրավացի ենք։ Այսօր բոլորն են ծրագրեր առաջարկում, բայց դրանք թողնում են կիսատ, ինչպես տասնամյակներ շարունակ թողնված մեր Կասկադի շինարարությունը կամ «Մանկական աշխարհ» խանութը՝ Երևանի կենտրոնում։
- Ուզում ենք պատմություն, որը կվերադարձնի ազգային արժանապատվությունը, մեզ պետք է պատմություն հենց մեր մասին։
- Ոչ թե դավաճանների փնտրտուք, այլ հայրենասերների համախմբում, ոչ թե «մերոնք-ձերոնք», այլ հավասարություն, տնտեսական հավասարություն, հարկային արդար քաղաքականություն։
- Մենք Սփյուռքին ասում ենք՝ դուք հյուրեր չեք, դուք ֆինանսավորող չեք։ Ձեր առաքելությունը պետք է լինի ոչ թե բարեգործությունը, այլ ներդրումները, դուք հայ ազգի մշակույթը կրողն եք։ Առանց Սփյուռքի Հայաստանը թույլ է, առանց Հայաստանի Սփյուռքը երկար չի դիմանա։
- Մենք կկարողանանք փոխարինել արևմտամետությունը բազմակողմանիության հետ, մենք կկարողանանք զարգանալ՝ առանց հրաժարվելու մեր ազգային արժեքներից, այս կերպ կվերացնենք բևեռացումը։ Մեզ պետք է ուժ․ իրապես ուժեղ պետությունը արդար պետությունն է։