
Մատենադարանի տարածքում լայնամասշտաբ շինարարություն է
Մատենադարանի տարածքում մեկնարկել են վերականգնողական աշխատանքներ, որոնք ընդգրկում են ինչպես սալահատակների, այնպես էլ արձանախմբերի ամրակայումն ու վերականգնումը։
Մատենադարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանը ABC media-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերականգնումն իրականացվում է տարիների ընթացքում եղանակային ազդեցության հետևանքով վնասված հատվածներում։ Նրա խոսքով՝ վնասված են եղել թե՛ Մատենադարանի հարակից սալահատակները, թե՛ արձանախումբը, որոնք վերջին անգամ վերականգնվել են դեռևս 2000-ականների սկզբին։
«Այս մասշտաբի վերականգնում առաջին անգամ է իրականացվում։ Նախքան աշխատանքների մեկնարկը անցկացվել են լուրջ փորձաքննական և գնահատողական փուլեր՝ արձանագրելու բոլոր վնասները և մշակելու ամբողջական վերականգնման ծրագիրը»,- նշեց հանրային կապերի բաժնի ղեկավարը։
Վերականգնողական ծրագրի գլխավոր ճարտարապետն է Ամիրան Բադիշյանը, որի անմիջական հսկողության ներքո էլ իրականացվում են բոլոր աշխատանքները։ Բացի այդ, Մատենադարանի աշխատանքի գործընթացը ներգրավել է նաև արձանախմբերի հեղինակ Ղուկաս Չուբարյանի ժառանգներին՝ ապահովելու համար աշխատանքների իրականացումը նրանց մասնագիտական վերահսկողության ներքո։
Վերականգնողական աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ և, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։
«Ներկա պահին իրականացվում են նախնական աշխատանքներ, տարածքը բաց է այցելուների համար։ Շատ շուտով կսկսվի նաև Մատենադարանի հիմնական դռան վերականգնումը, որը, ի տարբերություն մյուս աշխատանքների, իրականացվելու է մասնավոր օժանդակությամբ։ Այդ դուռը երբևէ չի վերանորոգվել Մատենադարանի բացումից ի վեր»,- հավելեց խոսնակը։
Մատենադարանի հիմնական մուտքի վերականգնման ընթացքում նախատեսվում է ապահովել այլընտրանքային մուտք՝ այցելուների հարմարության համար։