
Պուտինը խոստովանեց, Ալիևը շնորհակալություն հայտնեց․ ի՞նչ փոխվեց ռուս-ադրբեջանական հարաբերություններում․ մամուլի ամփոփում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում անցկացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց առաջին բանակցությունը։ Պուտինը հանդիպումը սկսել է նրանով, ինչն Ադրբեջանը վաղուց պահանջում էր. գրել է BBC-ին։
Պուտինը խոստովանել է Ռուսաստանի մասնակցությունն ադրբեջանական ինքնաթիռի կործանմանն անցյալ տարվա դեկտեմբերին։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՀՕՊ հրթիռները պայթել են ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա, այլ ոչ թե՝ ուղղակիորեն հարվածել դրան։ Սակայն այս տեսակի հրթիռները հենց այսպես են գործում. դրանք պայթում են թիրախի մոտ՝ վնասելով այն բեկորներով։
Պուտինի և Ալիևի միջև վերջին հանդիպումից հետո մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Երկրների միջև առաջին դիվանագիտական վեճը տեղի է ունեցել Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ, իսկ 29-ը՝ ողջ են մնացել։
Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ ինքնաթիռը կործանվել է «արտաքին ազդեցության հետևանքով», բայց Ռուսաստանը պաշտոնապես չէր ընդունել իր մասնակցությունը կործանմանը։ Հինգշաբթի Պուտինն առաջարկեց Ալիևի հետ իր հանդիպումը սկսել այս «ամենազգայուն թեմայով»։
Պուտինն առաջին անգամ հաստատեց, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից և ներողություն խնդրեց Ռուսաստանի երկնքում տեղի ունեցած ողբերգության համար։
Միևնույն ժամանակ, Պուտինը ընդգծել է, որ ռուսական հակահրթիռային համակարգի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքի վրա արձակված հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել քաղաքացիական ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա։ Ալիևը պատասխանել է՝ շնորհակալություն հայտնելով Պուտինին ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատճառի հետաքննությունն անձամբ վերահսկելու համար։ Այս անգամ նա որևէ քննադատական դիտողություն չի արել։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկրորդ դիվանագիտական վեճը բռնկվել է Եկատերինբուրգում 2025 թվականի հունիսին ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունից հետո։
Ըստ լրատվական գործակալությունների՝ երկու առաջնորդների հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Պուտինն Ալիևի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Բաքվում ձերբակալված ռուսների հետ կապված իրավիճակը։
Ամռան վերջին Ադրբեջանի կառավարամետ մամուլն արդեն դադարել էր հիշատակել Բաքվի և Մոսկվայի միջև վատթարացող հարաբերությունների մասին, և ընդամենը մի քանի օր առաջ Գյանջայում մեկնարկել են ԱՊՀ խաղերը։
«Ալիևը «կամուրջներ չայրեց» և, ի տարբերություն կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների, անձամբ չհարձակվեց Պուտինի վրա։ Եվ հիմա նա կարող է շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին ինքնաթիռի վթարի հետ կապված «իրավիճակը անձամբ վերահսկողության տակ պահելու» համար», – գրել է գործակալությունը։
BBC-ին նաև հավելել է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ իրենց տուն ուղարկելով գումար, և Ռուսաստանը նաև Ադրբեջանի ոչ նավթային արտահանման հիմնական ուղղությունն է։
Московский Комсомолец-ն, անդրադառնալով թեմային, գրել է, որ Ադրբեջանում և անձամբ Իլհամ Ալիևի մոտ ինքնագնահատականի հիմնարար նոր զգացում է, որը ձևավորվել է Հայաստանի հետ բախման մեջ մի շարք ռազմական հաղթանակներից հետո: Այս ինքնագնահատականի զգացողության մի մասն է այն համոզմունքը, որ Ռուսաստանն այժմ շատ ավելի համեստ դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասում և շատ ավելի քիչ ազդեցություն ունի, քան նախկինում: