
Պուտի՞նն է ճիշտ, թե՞ Փաշինյանը․ որքա՞ն է կազմել ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը
ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը չէին կարողանում պարզել, թե որքան է այս տարի կազմել ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն այս տարի արդեն կազմում է 4 մլրդ դոլար։ Գործընկերոջ կարծիքը չէր կիսում Ռուսաստանի նախագահը։ Ըստ Պուտինի՝ երկու երկրի միջև առևտրի ծավալն ավելի շատ է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ABC media-ի հետ զրույցում շեշտեց՝ այս ութ ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կազմում է 4,6 մլրդ դոլար։
«2024 թվականին Հայաստան-Ռուսաստան առևտրի ծավալը կազմել է 13,5 մլրդ դոլար։ Անցյալ տարի առևտրաշրջանառության մեջ մեծ դեր ուներ ռուսական ոսկու՝ Հայաստանով ԱՄԷ արտահանումը։ Անցած տարվա մայիսից նվազեցին ոսկու արտահանման ծավալներն, ու այս տարի մենք չունենք նույն առևտրաշրջանառությունը։ Այս ութ ամիսների հաշվարկով պաշտոնական վիճակագրությամբ ունենք 4,6 մլրդ դոլար առևտրաշրջանառություն։ Անցած տարվա համեմատությամբ այն նվազել է 51 տոկոսով, այսինքն՝ մենք պետք է արձանագրենք, որ ոսկու կրճատման հետևանքով ունեցանք առևտրի ծավալի կրճատում Ռուսաստանի հետ»,-ասել է Պարսյանը։