
Երևանի ծննդյան օրն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջին անգամ նշվել մայրաքաղաքի տոնը
Աշխարհի հնագույն քաղաքներից Երևանն այսօր տոնում է 2807-ամյակը։ Մենք՝ հայերս, սիրում ենք հաճախ շեշտել, որ մեր մայրաքաղաքը Հռոմից մեծ էր 30 տարով։
Տոնի առթիվ մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ից մեկնարկել են տոնական միջոցառումները։ Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու տոնին նվիրված գալա համերգը։
Այսօր փակ են քաղաքի մի շարք գլխավոր փողոցներ` Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը, Հանրապետության հրապարակն ամբողջությամբ, Սախարովի հրապարակն ամբողջությամբ, Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։
«Էրեբունի-Երևանի» առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր քաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։
Հենց այդ ժամանակ, հատուկ այդ տոնակատարության համար էր գրվել «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարել է 2750 հոգուց բաղկացած երգչախումբտ` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: