13 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պիտի դանակը հասնի ոսկորին, նո՞ր մի բան անեն․ դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնողները կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրները

Պիտի դանակը հասնի ոսկորին, նո՞ր մի բան անեն․ դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնողները կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրները

Մենք միգրանտ չենք, ՀՀ կառավարությունից պահանջում ենք լուծում տալ դեպի ՌԴ բեռնափոխադրողների խնդիրներին, որ մեր վարորդներն անխոչընդոտ գնան-գան․ այս մասին ասացին ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված վարորդները՝ բողոքելով Ռուսաստանում սեպտեմբերից հետո միգրացիոն օրենսդրության խստացումների դեմ։

Ըստ նրանց՝ տարատեսակ ստուգումների, հերթերի պատճառով նրանք ստիպված են լինում երկար մնալ ՌԴ տարածքում, ինչը համարվում է խախտում, և նրանց սպառնում է արտաքսում։

«Մեր պահանջն է՝ ոնց որ Ղազախստանի պատգամավորները հարցը բարձրացրին, նրանց համար հեչ արեցին, հիմա նույնն էլ մեր կառավարությունը թող անի, թող զբաղվեն մեզանով, պարտադիր պիտի դանակը հասնի ոսկորին, նո՞ր անեն»,- ասաց վարորդներից մեկը։

Ինչպես ավելի վաղ մամուլի ասուլիսում նշել էր «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, Ռուսաստանում սեպտեմբերից հետո միգրացիոն օրենսդրության խստացումներն արդեն իսկ հանգեցնում են այնպիսի իրավիճակի, որը կարող է լրջորեն վնասել ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրումների համակարգին։

«Ուրբաթ օրվանից ես արդեն ունեմ 74 դիմում, որոնցից 13 կամ 14-ը վերաբերում են մուտքի արգելքի կիրառմանը։ Մուտքի արգելքը դրվում է հինգ տարի ժամկետով, այն դեպքում, երբ փաստաթղթերով ապացուցվում է, որ անձը ՌԴ-ում չի գտնվել թույլատրելի 180 օրվանից ավելի»,- նշել է Բեժանյանը։

Նրա խոսքով՝ սա ոչ միայն իրավական խախտում է, այլ նաև տնտեսական լուրջ սպառնալիք։

«Շատ վարորդներ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցվել են նրանց բանկային հաշիվները։ Սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են ստանալ մուտքի արգելք՝ երեքից տասը տարի ժամկետով։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր բեռնափոխադրող ընկերությունները շուտով չեն կարողանա աշխատել»,- ահազանգել էր նա։

Ռազմագերիներ