
Մոսկվան, Բաքուն ու Թեհրանն ակտիվացնում են ջանքերը՝ Բարենցի ու Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անխափան լոգիստիկա ապահովելու համար․ Օվերչուկ
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն ակտիվացնում են ջանքերը՝ Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անարգել լոգիստիկայով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցությանը նվիրված եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք առջևում ունենք շատ հետաքրքիր աշխատանք՝ անարգել լոգիստիկայով և ներդաշնակ կանոններով ու ստանդարտներով ընդհանուր ապրանքային շուկա ստեղծելու ուղղությամբ։ Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև ամուր և դինամիկ հարաբերությունները պահանջում են համակարգված ջանքերի ինտենսիվացում՝ տարածաշրջանում տրանսպորտային կապը զարգացնելու և Բարենցի ու Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անխափան լոգիստիկա ապահովելու համար»,- նշել է նա։
Օվերչուկը հավելել է, որ սա ստեղծում է լավագույն մրցակցային պայմանները երեք երկրների արտադրողների, արտահանողների և ներմուծողների համար։
«Սա այնպիսի աշխատանք է, որը մեր տնտեսություններին լրացուցիչ հնարավորություններ կտա ընդլայնվելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, եկամուտները մեծացնելու և մարդկանց կյանքը բարելավելու համար», – հավելել է նա։