
Արցախցիներին տուն խոստանալու և խաբեությամբ դրամ շորթելու դեպքերը շատացել են․ Արցախի պետնախարար
Բնակարանային խնդիրը արցախցիների համար մնում է առաջնային և դեռ չլուծված, սակայն այսօրվա իշխանություններից սպասելիքներ չունեն, քանի որ նրանց համար և՛ հակամարտությունն է փակ, և՛ արցախցիների վերադարձի հարցը:
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը շեշտեց, որ պետության կողմից առաջ քաշված այն ծրագիրը, ըստ որի սահմանամերձ գոտիներում մեկ շնչի համար 5 մլն դրամ է հատկացվում, որոշ բնակավայրերում՝ 4մլն, իսկ Երևանում և արբանյակ քաղաքներում՝ 3մլն դրամ, ակնհայտորեն 1-3 հոգուց բաղկացած փոքր ընտանիքներին չի կարող տանիքով ապահովել։ Նա տեղեկացրեց, որ խնդիրը բազմիցս քննարկել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, բայց խոստումներն այդպես էլ մնացել են սեղանին:
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը դարձել է 30 000 դրամ և գործելու է մինչև տարեվերջ։
Նա նաև հայտնեց, որ վերջին շրջանում խաբեությամբ գումարներ են հափշտակում արցախցիներից և բնակարաններ չեն տրամադրում։ ABC media-ի հարցին՝ ինչ փուլում է «Էկո փրոջեքթ» ընկերության կողմից քաղաքացուց գումար վերցնելու և այդպես էլ տունը չհատկացնելու գործը, Իսկանդարյանը պատասխանեց․ «Փաստաբանի հետ խոսել եմ, և ասաց, որ հինգերորդ դեպքն է տվյալ կազմակերպության մասով, որ խաբեությամբ արցախցիներից գումար է շորթում և բնակարաններ ինչ-ինչ պատճառներով չեն տրամադրում: Փաստաբանը նշել է, որ գործը վարույթ է ստացել և սպասում է դատական վճռին»։
Իսկ թե ինչու չեն ուզում արցախցիները սահմանամերձ համանյքներում բնակություն հաստատել, պետնախարարը բացատրում է հետևյալ կերպ․ «Արցախցիները տեսել են բլոկադա, տեսել են պատերազմ, արդյոք բարոյակա՞ն եք համարում ևս մեկ անգամ ուղղակի այդ մարդկանց սահմանամերձ գոտիներ տանելը»։
Նժդեհ Իսկանդարյանը կարևոր է համարում նաև այն փաստը, որ աշխատաշուկան կենտրոնացած է հիմնականում Երևանում, և մարզերում գնալով աճում է արտագաղթը: Եվ երբ արցախցին տուն է ձեռք բերում սահմանամերձ գյուղում, իսկ տվյալ գյուղում ապրող բնակիչն արտագաղթում է, դրանով որևէ հավելյալ արժեք չի ստեղծվում։
Պետնախարարն ասում է, որ իրենք առաջարկել են այլ լուծումներ, սակայն դրանք մնացել են քննարկման մակարդակում։