
Ֆրանսիայում առկա քաղաքական ճգնաժամի միակ պատասխանատվությունը կրում են ընդդիմադիր ուժերը․ Մակրոն
Ֆրանսիայում առկա քաղաքական ճգնաժամի միակ պատասխանատվությունը կրում են ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կոչ են անում անվստահության քվե հայտնել վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․ գրում է Reuters-ը։
Անցյալ ուրբաթ Լեկորնյուն վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում՝ պաշտոնավարման ընդամենը 27 օրից հետո հոկտեմբերի 6-ին հրաժարական տալուց հետո։ Երկուշաբթի ներկայացվել է նոր կառավարությանն անվստահության քվե հայտնելու երկու առաջարկ։
«Ես կարծում եմ, որ այսօր այս խառնաշփոթի միակ պատասխանատուներն են այն քաղաքական ուժերը, որոնք անվստահություն են հայտնել Ֆրանսուա Բայրուին, և այն քաղաքական ուժերը, որոնք դեր են խաղացել Սեբաստիան Լեկորնյուի կառավարության անկայունացման գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը Շարմ էլ Շեյխ ժամանելուն պես, որտեղ տեղի կունենա Գազայի հատվածի կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով։
Մակրոնը նաև նշել է, որ երկրին ներկայում կայունություն է անհրաժեշտ, և կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին «համախմբվել»։ Նա հավելել է, որ քաղաքական գործիչներին տրված մանդատը Ֆրանսիայի քաղաքացիներին «ծառայել և կրկին ծառայելն» ու երկրի առջև ծառացած խնդիրները լուծելն է։
Լեկորնյուն հրաժարական է տվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից հոկտեմբերի 6-ին։ Հոկտեմբերի 10-ին վերանշանակվելուց հետո նա հայտարարել է «ավելի ազատ» կառավարություն ձևավորելու ծրագրերի մասին՝ անկախ քաղաքական կուսակցություններից։ Լեկորնյուի խոսքով՝ նա համաձայնվել է վերադառնալ Ֆրանսիայի կառավարություն՝ վստահեցնելով, որ իրեն տրվելու է գործողությունների ազատություն։
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լեկորնյուի հրաժարականը Ֆրանսիան մղել է տասնամյակների ընթացքում աննախադեպ քաղաքական ճգնաժամի։ Լեկորնյուի նախորդը՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, հրաժարական էր տվել, երբ խորհրդարանի անդամներն անվստահություն էին հայտնել նրա կառավարությանը։