
Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում․ «Արմենպրես»
Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը․ այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց պատրիարքը։
«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- ասել է նա։
Նա ընդգծել, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։ Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։ «Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշել է նա։
Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պատրիարքը փաստել, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։ «Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։ Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։
Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։ Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։