26 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է ձերբակալված եպիսկոպոսը

Ո՞վ է ձերբակալված եպիսկոպոսը

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 50-ամյա հոգևորական է, ծնվել է Վաղարշապատում։

Եպիսկոպոս Պռոշյանը կրթությունը սկսել է Էջմիածնում՝ սովորելով Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ և Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցներում։ Դեռ երիտասարդ տարիքից ակտիվորեն ներգրավվել է եկեղեցական և հասարակական գործունեության մեջ՝ 1991-1993 թթ. լինելով ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ։ 1993-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ապա ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում, որը ավարտել է 1999-ին։ Նույն թվականին ձեռնադրվել է սարկավագ՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։ 2001 թ. հունվարի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ստանձնել իր հոգևոր ծառայությունը։

Մկրտիչ սրբազանը շարունակել է կրթությունը Մեծ Բրիտանիայում։ Արտերկրում ուսանելու տարիներին նա եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվ։

Վերադառնալով Հայաստան՝ 2004-ից նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար, ապա՝ տեսուչ։ Տեր Մկրտիչը 2008-ից հոգևոր ծառայություն է իրականացրել նաև արտերկրում՝ նշանակվելով Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հովիվ։

2009-ին նա վերադարձել է Հայաստան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 2010 թ. ապրիլի 18-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և պաշտոնապես հաստատվել թեմի առաջնորդի պաշտոնում։

Բացի հոգևոր ծառայությունից, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կարևոր դեր ունի եկեղեցական գրականության ուսումնասիրության ու թարգմանության ոլորտում։

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկել են Արագածոտնի թեմն ու առաջնորդի տունը։ Ձերբակալել են թեմի առաջնորդին, մի քանի քահանաների ու աշխատակիցների։ Նրանց Քննչական կոմիտե են տեղափոխել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026