
Եթե խնդիրը չլուծվի, մենք բեռնատարներով ճանապարհներ ենք փակելու․ դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդները բողոքի ակցիա են անում
Դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդներն այսօր նույնպես բողոքի ակցիա էին անում ՀՀ կառավարության մոտ։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են լուծում տալ դեպի ՌԴ բեռնափոխադրողների խնդիրներին, այլապես վարորդները սպառնում են բեռնատարներով փակել ճանապարհները։
«Սաղ ճանապարհները փակելու ենք»,- ասացին նրանք։
Ռուսաստանում սեպտեմբերից հետո միգրացիոն օրենսդրությունը խստացվել է։ Ըստ վարորդների՝ տարատեսակ ստուգումների, հերթերի պատճառով նրանք ստիպված են լինում երկար մնալ ՌԴ տարածքում, ինչը համարվում է խախտում, և նրանց սպառնում է արտաքսում։ Օրինակ՝ Մուշեղ Ասլանյանին 90–ի փոխարեն 93 օր ՌԴ տարածքում մնալու համար 5 տարով արգելել են մուտքը ՌԴ։
Ակցիա անող վարորդներին է մոտեցել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն իրազեկված է հարցից և լրջորեն զբաղվում է դրանով։
«Այս պահին ավելի կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց վստահեցնում եմ՝ ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ շրջանակում, զբաղվում ենք այս հարցով»,- ասել է Պապոյանը։
«Ասում եք՝ զբաղվում եք, ինչքա՞ն ժամանակում եք անելու, Ղազախստանում արագ հարցին լուծում տվեցին»,- վարորդներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Չէ, տենց չի, իրենց դեպքում ավելի հեշտ է դա, քանի որ Վերին Լարս չունեն», այնուհետև շտապեց ՀՀ կառավարության նիստին՝ հետագայում վարորդներին հանդիպելու խոստումով։


