10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանում հայ հոգևորականի են սրբադասում. ո՞վ է նա, ինչո՞վ է հայտնի և ինչպե՞ս է նահատակվել

Վատիկանում հայ հոգևորականի են սրբադասում. ո՞վ է նա, ինչո՞վ է հայտնի և ինչպե՞ս է նահատակվել

Վատիկանում այսօր սրբադասելու են  հայ նահատակ հոգևորական Իգնատիոս Մալոյանին և կաթոլիկ այլ հոգևորականների։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Երկօրյա այցով այնտեղ էլ նաև Նիկոլ Փաշինյանը։

Վերհիշենք` ով է սրբադասվող հայ հոգևորականը, ինչով էր հայտնի և ինչ ճակատագիր է ունեցել։

Հայ կաթողիկէ եկեղեցու նահատակ առաջնորդ Իգնատիոս (Շուքրալլահ) Մալոյանը՝  20-րդ դարի գործիչ էր, հայ ժողովրդի հավատքի վկաներից մեկը։

Կյանքը և կոչումը

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Օսմանյան կայսրության Մարդին քաղաքում՝ առևտրականի ընտանիքում։ Երիտասարդ տարիքից ծառայել է եկեղեցուն։

14 տարեկանում ուղարկվել է Լիբանանի Զմմառի վանք, որտեղ ստացել էր հոգևոր կրթություն և դարձել հայ կաթողիկէ եկեղեցու հոգևորական։

1896 թվականին ձեռնադրվել է քահանա՝ ստանալով Իգնատիոս անունը, իսկ 1911-ին ընտրվել է Մարդինի հայ կաթողիկէ առաջնորդ։

Մալոյանը հայտնի էր իր խաղաղ, բայց վճռական բնավորությամբ․ նա խրախուսում էր կրթությունը, քարոզում հավատարմություն քրիստոնեական արժեքներին ու ազգային ինքնությանը։

Ցեղասպանության տարիներին

1915 թվականի գարնանը, երբ սկսվեցին հայերի զանգվածային ձերբակալություններն ու տեղահանությունները, Մարդինի հայ կաթողիկէ համայնքը նույնպես դարձավ բռնությունների թիրախ։

Ապրիլի 30-ին թուրքական զորքը շրջապատեց առաջնորդարանը՝ կեղծ մեղադրանքով՝ իբր այնտեղ զենք է պահվում։

Հունիսի 3-ին ձերբակալվեց առաջնորդ Մալոյանը՝ տասնյակ հավատացյալների հետ միասին։ Նրան խոշտանգեցին՝ փորձելով ստիպել հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել իսլամը։

Նա մերժեց՝ ասելով․ «Ես քրիստոնյա եմ, և կմեռնեմ հանուն իմ հավատքի»։

1915 թվականի հունիսի 10-ին, երբ նրան տանում էին մահվան, Մալոյանը բարձրաձայն աղոթեց. «Աստված իմ, ողորմիր ինձ, Քո ձեռքն եմ ավանդում հոգիս»։

Նրան գնդակահարեցին. հոգևորականը դարձավ 20-րդ դարի հայ նահատակության ամենավառ խորհրդանիշներից մեկը։

2001 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը նրան հայտարարեց երանելի` ճանաչելով որպես հավատքի նահատակ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ