
Աստանան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը. Ալիևը կմեկնի Աստանա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-21-ը պետական այցով կմեկնի Ղազախստան՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով: Տոկաևի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու ղեկավարները բանակցություններ կվարեն և կմասնակցեն միջպետական խորհրդի նիստին և գործարար ֆորումին։
ТАСС-ի հետ զրույցում մասնագետները նշել են, որ բանակցությունների ընթացքում հիմնական թեմաները կլինեն տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցությունը։ Էներգետիկայի և նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նույնպես բանակցությունների կարևոր թեմաներից կլինի։
Ղազախստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Ասիական հետազոտությունների բաժնի գլխավոր փորձագետ Բուլատ Աուելբաևը նշել է, որ երկու երկրները տարբեր միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների անդամներ են, և Աստանան՝ «որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից», հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմամբ: «Աստանան ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը», – նշել է նա։


