
Գյումրու քաղաքապետարանի մոտից բերման ենթարկվածների նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ․ ՔԿ
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները․ հայտնում է Քննչական կոմիտեն։
Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։


