
ՀՀ-ում ընտրություններին մոտենալուն զուգընթաց՝ երկրում ընդդիմության վրա ճնշումը միայն կաճի. մամուլի ամփոփում
Հայաստանում շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական բռնաճնշումները։ Այս մասին Московский Комсомолец-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը:
«Ամեն ինչ ընթանում է ուկրաինական օրինաչափությամբ։ Հնարավոր է՝ այլ մասշտաբով, դեռևս ոչ այնքան անզուսպ։ Սակայն մենք տեսնում ենք Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների զանգվածային ձերբակալություններ, ընդդիմադիրների, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետի հետապնդումներ։ Ամեն ինչ ընթանում է ուկրաինական օրինաչափությամբ», – կարծում է Մարտինովը։
Известия-ն գրել է, որ զանգվածային բողոքի ցույցերը Հայաստանում կարող են սրվել ընդդիմության անդամների վերջին ձերբակալություններից հետո: Իշխանությունները ներկայումս փորձում են մեծացնել իրենց ազդեցությունն՝ ավելացնելով հակառակորդների և եկեղեցու ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերի թիվը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսին: Այս ֆոնին՝ ընդդիմության անդամների ձերբակալությունները հաճախակի են դառնում: Ըստ փորձագետ Դմիտրի Սիդորովի՝ քվեարկության մոտենալուն զուգընթաց՝ երկրում ընդդիմության վրա ճնշումը միայն կաճի:
«Երկրի իշխանությունները ձգտում են պաշտպանվել մրցակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության չափազանց ցածր վարկանիշի պայմաններում», – կարծում է փորձագետը:
Կայքը հիշեցրել է, որ 2025 թվականի սկզբին իշխող կուսակցության վարկանիշը նվազել էր մինչև 2018 թվականից ի վեր ամենացածր մակարդակը՝ 11.3%: Սեպտեմբերին, սոցիոլոգիական հարցման համաձայն, ընտրողների միայն 12%-ն էր պատրաստ աջակցել Փաշինյանին առաջիկա ընտրություններում: Այնուամենայնիվ, ընդդիմության վարկանիշը Հայաստանում նույնպես ցածր է:
Ձերբակալված Սամվել Կարապետյանն ունի բնակչության մոտ 10%-ի աջակցությունը: Հարցման համաձայն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստանը», կարող է ստանալ ձայների միայն մոտ 6%-ը: Դմիտրի Սիդորովի խոսքով՝ հանրապետությունն իշխանությունների նկատմամբ վստահության համակարգային ճգնաժամ է ապրում։ Ընդդիմությունը նույնպես չի կարողանում ձևակերպել երկրի ապագան ձևավորելու հստակ առաջարկներ։


