
Թրամփը հայտարարել է՝ վերջ է դրել ութ հակամարտության, իններորդը «ճանապարհին է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում ԱՄՆ միջնորդությամբ կարող է ավարտվել իններորդ հակամարտությունը։ Նա չի մանրամասնել, թե որ հակամարտության մասին է խոսքը։
«Այո՛, դժվար կլինի հաղթել Վաշինգտոնին և Լինքոլնին, բայց մենք կփորձենք, չէ՞։ Չնայած նրանք չավարտեցին ութ պատերազմ։ Մենք ավարտեցինք ութ պատերազմ։ Հավատում եք, թե ո՛չ` իններորդն արդեն ճանապարհին է», – նշել է Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:
Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր ավարտված պատերազմների շարքին է դասում Հայաստանի և Ադրբեջանի, Իսրայելի և Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ավարտված ութերորդ հակամարտությունը Գազայի հատվածում պատերազմն էր։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն այժմ կկենտրոնանա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության լուծման վրա։
Թրամփի մամուլի ասուլիսից առաջ ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները սառեցվել են։


