28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հանել զենքի Էմբարգոն ՀՀ-ի և Ադրբեջանի համար. Известия

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հանել զենքի Էմբարգոն ՀՀ-ի և Ադրբեջանի համար. Известия

Վերջերս Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ վերացնում է զենքի Էմբարգոն ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Westminster Telegram ալիքի հեղինակ և բրիտանական քաղաքականության փորձագետ Վասիլի Եգորովն Известия-ի հետ զրույցում նշել է, որ Լոնդոնն, անկասկած, պլանավորում է ընդլայնել իր սեփական զենքի արտադրությունը։ Մեծ Բրիտանիայի համար Հարավային Կովկասի շուկան հնարավորություն է տալիս մեծացնել իր ՀՆԱ-ն և գերազանցել իր եվրոպացի դաշնակիցներին՝ Ֆրանսիային և Գերմանիային։

«Մեծ Բրիտանիան, ինչպես Եվրոպայի մնացած մասը, փորձում է մեծացնել իր զենքի արտադրությունը։ Լոնդոնում այդ ամենը մի փոքր ավելի վատ է առաջ գնում, քան Գերմանիայում կամ Ֆրանսիայում, բայց, այնուամենայնիվ, որոշակի ծրագրեր, անշուշտ, գոյություն ունեն, գուցե ոչ թե ծանր զենքի կամ տանկերի, այլ հրետանու կամ այլ տեսակի զինամթերքի համար։

Վերջնական արդյունքում՝ Մեծ Բրիտանիան պլանավորում է իր ՀՆԱ-ի 2.5%-ը ծախսել պաշտպանության վրա, և, իհարկե, զենքի շուկան կարևոր է», – կարծում է փորձագետը։

Ստեղծված իրավիճակը Լոնդոնի օգտին է գործում՝ Մոսկվային Հարավային Կովկասի զենքի շուկայից դուրս մղելու նրա ծրագրում։ Վասիլի Եգորովի խոսքով՝ 1992 թվականից ի վեր բրիտանական էմբարգոն չի խանգարել Լոնդոնին միջամտել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականությանը։

Ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին կայքի հետ զրույցում նշել է, որ բրիտանական պահեստներում մեծ քանակությամբ զենք չկա, որը պետությունը կարող է ազատորեն մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին։ Հարավային Կովկասի երկրների ուշադրությունը կարող են գրավել Storm Shadow (SCALP-EG) թևավոր հրթիռները կամ ժամանակակից զրահատեխնիկան, սակայն բոլոր պաշարներն արդեն տեղափոխվել են Ուկրաինա։
«Կարծում եմ՝ հենց սա է կարևոր բրիտանացիների համար. ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման պատրվակով՝ ապահովել իրենց, այսպես ասած, մասնագետների՝ իրականում՝ հետախուզության աշխատակիցների մշտական ներկայությունը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանք վերջերս ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր Մեծ Բրիտանիայի հետ:

Ընդհանուր առմամբ՝ կան բավականին սերտ կապեր, այդ թվում՝ Բաքվի և Լոնդոնի հետախուզական ծառայությունների միջև: Երևանը որոշ չափով մի կողմ է քաշվել, բայց կարծում եմ՝ նրանք հիմա փորձում են փոխհատուցել դա: Կարծում եմ՝ Հարավային Կովկասում իրավիճակի որոշակի սրացում կա, և արդյունքը նույնը կլինի. ամենայն հավանականությամբ՝ բռնության նոր բռնկում», – նշել է փորձագետը:

Ռազմագերիներ