
Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը կոչ է արել ֆրանսիացի զինվորականներին և ՆԱՏՕ-ին պատրաստ լինել ՌԴ-ի հետ բախման
Ֆրանսիայի ՊՆ ղեկավար գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման երեք-չորս տարվա ընթացքում. հաղորդում է Le Figaro-ն։
Նա նշել է, որ բախումը կարող է փորձություն լինել ֆրանսիացի զինվորականների համար։ Մանդոնը հավելել է, որ դա կարող է լինել կա՛մ հիբրիդային պատերազմ, «որը մենք արդեն ապրում ենք», կա՛մ գուցե «ավելի լուրջ բախում»։
Գեներալը պնդել է, որ «Ռուսաստանը մի երկիր է, որը կարող է գայթակղվել և շարունակել պատերազմը մայրցամաքում»։
Ըստ Մանդոնի՝ նման իրավիճակին պատրաստվելու համար Ֆրանսիայի ռազմական բյուջեն պետք է մեծացվի։
«Ենթադրել, որ 2022 թվականի Ուկրաինայի ներխուժումը վերջին հարձակումն է, և որ այն այլևս չի կրկնվի մեր մայրցամաքում, նշանակում է անտեսել մեր հասարակությունների առջև ծառացած ռիսկը: Ռուսները վերակազմակերպվում են մեկ նպատակով՝ բախվել ՆԱՏՕ-ին », – օրենսդիրների առջև ելույթ ունենալով՝ հայտարարել է Մանդոնը, ում խոսքերը մեջբերել է POLITICO-ն։
Նա բացատրել է, որ Ֆրանսիայի վերազինման ջանքերն արդեն իսկ ազդանշան են Ռուսաստանին զսպելու համար. «Եթե մեր մրցակիցները տեսնեն, որ մենք ջանքերն ենք գործադրում, նրանք կարող են հրաժարվել իրենց մտադրությունից։ Եթե նրանք զգան, որ մենք պատրաստ չենք պաշտպանվել, ես չեմ տեսնում, թե ի՞նչը կարող է նրանց կանգնեցնել»։
POLITICO-ն նշել է նաև, որ ԵՄ և ՆԱՏՕ երկրների բարձրաստիճան գեներալներն ու քաղաքական գործիչները զգուշացրել են, որ Մոսկվան կարող է հարձակվել դաշինքի վրա առաջիկա տարիներին՝ 2027-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում։ Անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ մայրաքաղաքներին մինչև 2030 թվականը պատերազմին պատրաստվելու համար օգնելու նպատակով։
Կայքն ընդգծել է, որ վերջին ամիսներին Ֆրանսիայի հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ է դարձել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «բախման մեջ է Ռուսաստանի հետ»։
Նախորդ օրը ֆրանսիական բանակի Գլխավոր շտաբի պետ Պիեռ Շիլը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է պատրաստվի «անխուսափելի» պատերազմի, որը կարող է սկսվել «առավոտյան»։
Ավելի վաղ Դանիան ևս կոչ էր արել ավելի կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին։


