25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը նոր ռեկորդ սահմանեց․ ՀՀԿ-ն իր աջակցությունն է հայտնել Դավիթ Համբարձումյանին

Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը նոր ռեկորդ սահմանեց․ ՀՀԿ-ն իր աջակցությունն է հայտնել Դավիթ Համբարձումյանին

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր աջակցությունն է հայտնել Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին․ ասվում է մարմնի տարածած հայտարարությունում։

Հայտարարությունը՝ ստորև․

«Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին, փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։

Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

  1. Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։
  2. Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։
  3. Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։
  4. Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»։

 

Ռազմագերիներ