25 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանների կալանավորման դեպքերն անընդունելի և դատապարտելի են․ Սիմոն Բաբայան

Փաստաբանների կալանավորման դեպքերն անընդունելի և դատապարտելի են․ Սիմոն Բաբայան

Փաստաբանների պալատն ահազանգում է՝ փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում ոտնձգություններ են կատարվում։ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի խոսքով՝ մի շարք հայտնի քրգործերի շրջանակում սահմանափակվել են փաստաբանների մասնագիտական գործունեությունը: «Պաշտպանները փորձել են իրականացնել իրենց մասնագիտական գործառույթները, սակայն վարույթն իրականացնող մարմինների գործողությունների հետևանքով նրանք զրկվել են իրենց վստահորդների հետ հանդիպելու, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից»,- նշել է  Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ փաստաբանական գործունեության մեջ ուղղակի միջամտություն է։

Խոսելով ֆեյսբուքյան գրառման պատճառով կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեպքի մասին՝ Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ նրա կալանավորումը տեղի է ունեցել անհամաչափ միջոցների կիրառմամբ։

«Իրականացվել է խուզարկություն փաստաբանական գրասենյակում, առգրավվել են անձնական իրեր և հեռախոս։ Սա անթույլատրելի է՝ ինչպես գործող իրավակարգավորումներով, այնպես էլ միջազգային պրակտիկայով, քանի որ փաստաբանի անձնական իրերը պարունակում են փաստաբանական գաղտնիք և առնչվում են վստահորդների շահերին։ Ավելին՝ այդ գործողությունները ստեղծում էին հաշվեհարդարի տպավորություն, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ընդգծել է նա։

Սիմոն Բաբայանը խոսել է նաև Գյումրիում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորման մասին: Նրա խոսքով՝ Մխիթարյանն իրավապաշտպան գործունեության շրջանակում բերման է ենթարկվել, հետագայում ևս նրա մասնագիտական կարգավիճակը հաշվի չեն առել: «Սա ևս փաստաբանական գործունեության մեջ ուղղակի միջամտություն է և խոչընդոտում է նրա մասնագիտական պարտականությունների իրականացմանը։ Փաստաբանների պալատը, ինչպես նաև Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, այս դեպքերը որակում են որպես անընդունելի և դատապարտելի»,- նշել է Բաբայանը:

 

Ռազմագերիներ