
Հովհաննավանքի քահանա Տեր Սարգսին հարցաքննության են կանչել պատարագի մատուցման օրը
Հովհաննավանքի քահանա Տեր Սարգսին կանչել են Քննչական կոմիտե․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հենց Տեր Սարգիսը։
«Այո, հրավիրել են, ծանուցում են ուղարկել, բայց մանրամասները չգիտեմ, չգիտեմ՝ ինչի համար»,– ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հրավիրեն հենց կիրակի օրը, որպեսզի խոչընդոտեն իր կողմից պատարագի մատուցմանը, փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է. «Մենք ենթադրում ենք, որ իրենք կիրակի օրն են կանչելու, որպեսզի ծեսին չմասնակցի։ Սա ենթադրություն է, որովհետև չգիտենք՝ այդ ծանուցագիրը կոնկրետ ես չեմ տեսել, Տեր Սարգիսն էլ, կարծեմ, չի տեսել, դրա համար ենթադրում ենք, որ իրենք նման գործիքակազմով փորձելու են խոչընդոտել ծեսի կատարմանը»։
Իսկ ավելի ուշ Զոհրաբյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․ «Ոստիկանությունն այսօր՝ ժամը 16:00-ին, պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:
Այսպիսով՝ ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:
Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի պահանջը, շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):
Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը՝ ժամը 09:00-ին, քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով՝ քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»:


