
Այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակը․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Փաշինյանի ելույթի որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․
- Առաջին անգամն է, որ մենք ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում:
- Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները, ըստ էության պատմական իրադարձություն է և նշանակում է ՀՀ շրջափակման հաղթահարման առաջին փուլը։
- Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա- Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով: Սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։
- Շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը, այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։
- Մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։
- Մենք շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակի, որովհետև երբ որ ասվում է մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։


