28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սկոտչ և Վիսկի» ֆիլմից բերված օրինակը՝ աշխատանքից ազատման պատճառ. ԵՊՀ նախկին դասախոսը մանրամասներ է ներկայացրել

«Սկոտչ և Վիսկի» ֆիլմից բերված օրինակը՝ աշխատանքից ազատման պատճառ. ԵՊՀ նախկին դասախոսը մանրամասներ է ներկայացրել

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը ռեկտորի հրամանով հեռացվել է աշխատանքից: ABC Media-ի հետ զրույցում դասախոսը ներկայացրեց, թե ինչ նախապատմություն է ունեցել միջադեպը:

Սահակ Մանուկյանը մոտ մեկ շաբաթ առաջ իր հերթական դասախոսությունն է կարդացել. թեման եղել է դեմոկրատական քաղաքական ռեժիմը և նրա հատկանիշները: Երբ խոսքը հասել է խոսքի ազատությանը, Մանուկյանը ուսանողներին բացատրել է, որ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող բացարձակ բնույթ կրել, և որ խոսքի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի արժանապատվություն: Որպեսզի ուսանողները հասկանան, թե զրպարտանքն ինչով է տարբերվում վիրավորանքից, Մանուկյանը նրանց հետ քննարկել է նմանատիպ դեպքեր՝ մեջբերելով խոսքե «Սկոտչ և Վիսկի» ֆիմից:

Փաստորեն, ֆիլմում օգտագործվող բառամթերքի վերաբերյալ կա մեկ քրեական գործ և մեկ քաղաքացիական: Քանի որ Մանուկյանը զբաղվում է նաև փաստաբանական գործունեությամբ և հանձն է առել հենց տվյալ գործը, ուսանողներին մանրամասնություններ է հայտնել: Ուսանողներից մեկը, առանց թույլտվության, նկարել է:

«Լսելու և հասկանալու փոխարեն նա իմ կողմից գրատախտակի վրա գրված բառերն է նկարում, որոնք մենք պետք է կուրսում կշռադատեինք՝ համարում են վիրավորա՞նք, թե՞ զրպարտություն… լբառերից մեկի լուսանկարը տարել, տվել է ծնողին, իսկ ծնողը տվել է ռեկտորին», – պատմեց Մանուկյանը:

Նա հավաստիացրեց, որ պարզապես իր փորձն է ներկայացրել, դա ուղղված չի եղել որևէ մեկին, նրանք են այդ բառը վերագրել իրենց:

Աշխատանքից ազատման մասին Սահակ Մանուկյանն իմացել է շատ անսպասելի. ուրբաթ երեկոյան նամակ է ստացել իր էլեկտրոնային հասցեին: Հոկտեմբերի 27-ից իր գործունեությունը դադարեցված է:

Մանուկյանի համար ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր ուսանողները գոհ են եղել՝ բացի մեկից. «Հետաքրքիրն այն է, որ ամբողջ կուրսը հասկանում է այնպես, ինչպես պետք է հասկանա և միայն երեսփոխանուհու երեխան չի հասկանում այնպես, ինչպես պետք է հասկանա», – ասաց նա:

Նախկին դասախոսը նաև տեղեկացրեց, որ ռեկտորի հետ որևէ քննարկում և պարզաբանում չի եղել աշխատանքից ազատման պատճառների մասին:

 

Ռազմագերիներ