29 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփան Ասատրյանը փոխել է Հովհաննավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

Ստեփան Ասատրյանը փոխել է Հովհաննավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ Ասատրյան) փոխել է Հովհաննավանքի դռների փականները և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ աշխատակիցները վանքի հոգևորականներին ու աշխատակիցներին վստահեցրել էին, որ դռների փականների փոփոխությունները կապված են Նիկոլ Փաշինյանի այցի հետ։

«Բոլոր մուտքի դռների միջուկները հանել են։ ԱԱԾ-ն ասել էր՝ Նիկոլ Փաշինյանի գալով է պայմանավորված, իբր որոշակի գործողություններ պիտի անեին ներսում։ Հիմա մեզ ասում են՝ մեզնից որևէ մեկը չի կարող գալ եկեղեցի։ Իրավաբանորեն Հովհաննավանքը պատկանում է Մայր Աթոռին ու հայ ժողովրդին։ Ոչ միայն Հովհաննավանքը, ես որպես հայ հոգևորական պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր սրբավայր, եկեղեցի, մատուռ ու վանք, որոնք նույնիսկ պետական վերահսկողության տակ են, Հուշարձանների պահպանության կոմիտեի վերահսկողության տակ են, պատկանում են Մայր Աթոռին ու հայ ժողովրդին»,- ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Ստեփան Ասատրյանը չի սահմանափակվել եկեղեցու դռների փականները փոխելով, նա նաև իր հետ տանում է եկեղեցուն պատկանող սուրբ իրեր։

«Առանց ամաչելու բաժանություններ են առաջացնում մարդկանց մեջ։ Սա պետական կառույցի լիազորության ներքո է, օրինակ, պատկանում է հնության կոմիտեին՝ վերջ, սա մերն է։ Այսպես «մեր ու ձեր» արեցին, ժողովրդին սենց բաժանեցին, բաժան-բաժան արեցին։ Այնքան փոքրոգի են, որ նույնիսկ մյուռոնն է Ստեփան կոչվածն ամբողջությամբ վերցրել, տարել հետը»,- ասաց նա։

Մայր Աթոռում տեղյակ են ստեղծված իրավիճակի մասին։ Տեր Սարգիս քահանան, որը Հովհաննավանքի մյուս քահանան է, ասել է, որ վանքում մի քանի միջոցառումներ են հետաձգվել այդ պատճառով։

Մեզ հետ զրույցում Տեր Մանուկը հորդորում է չպսակադրվել այն եկեղեցում, որը կիրակի պղծել են։

«Այնտեղ ուժայիններ կան կանգնած, գյուղի մի քանի բնակիչներ էլ կան, որոնք հարում են այդ մտածումներին, ասում են՝ չենք թողնելու հոգևորականներին մտնել վանք, բայց ինչքա՞ն ժամանակ։ Ես խորհուրդ չեմ տա այդ եկեղեցում պսակադրվել, որովհետև կիրակի խորանը պղծվել է, պիտի խորանի սրբության աղոթք արվի, մաքրվի, եթե չեմ սխալվում՝ պետք է նորից օծվի խորանը։ Այնտեղ այնքան պիղծ մարդիկ են բարձրացել, որ բոլորի հասցեին հայհոյախառն խոսել են»,-ասաց քահանան։

Ռազմագերիներ