
Պուտինը զանգել է ինձ և ասել․ «Դա ապշեցուցիչ է, պարզապես ապշեցուցիչ»․ Թրամփը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է ՀՀ – Ադրբեջան հակամարտությանը՝ նշելով, որ իրեն հաջողվել է լուծել այն։
«Մեր ջանքերի շնորհիվ միլիոնավոր կյանքեր են փրկվել։ Որպես օրինակ՝ կարող ենք վերցնել Ադրբեջանի հետ դեպքը։ Հակամարտությունը ձգվում էր, կարծես, 38 տարի։ Նախագահ Պուտինը զանգել է ինձ և ասել․ «Դա ապշեցուցիչ է, պարզապես ապշեցուցիչ»։ Մենք չէինք կարողանում կանգնեցնել այդ պատերազմը երկար տարիներ։ Այն ձգվում էր 38 տարի։ Բայց մենք կարողացանք․․․ Պատկերացրեք՝ երկու երկրների ղեկավարները եկել էին Սպիտակ տուն։ Սկզբում նրանք հեռավորություն էին պահպանում, բայց աստիճանաբար ավելի ու ավելի էին մոտենում։ Մեկ ժամից նրանք արդեն գրկախառնվում էին՝ ի նշան խաղաղության։ Դա իրապես զարմանալի էր», – հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով այս տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանն իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը։


