05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են խորհրդանշում էկումենիկ ժողովները, և ինչո՞ւ է քրիստոնեական համաժողովն անցկացվելու մուսուլմանական Թուրքիայում

Ի՞նչ են խորհրդանշում էկումենիկ ժողովները, և ինչո՞ւ է քրիստոնեական համաժողովն անցկացվելու մուսուլմանական Թուրքիայում

Այս տարի առաջին էկումենիկ ժողովի 1700-ամյակն է։ Նոյեմբերի վերջին քրիստոնեական պատվիրակությունները կմեկնեն այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Իզնիկ քաղաք, որը նախկին Նիկեան է՝ բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար հնագույն և առաջին էկումենիկ ժողովի վայրը։

Թուրքիայում կայանալիք ժողովին Հռոմի պապի այցը յուրօրինակ հաղորդագրություն է, որ կրոնական առաջնորդները կարող են միջնորդ լինել խաղաղության ու համերաշխության կոչերի տարածման համար՝ հատկապես Միջին Արևելքում։

Էկումենիկ (հունարեն oikoumene՝ Օյկոմենե բառից և նշանակում է բնակեցված աշխարհ, տիեզերք) ժողովները քրիստոնեական աշխարհի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն։ Դրանք համաժողովներ են, որտեղ տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ ու վարդապետներ հավաքվում են՝ քննարկելու հավատքի, վարդապետության և եկեղեցական կարգերի հիմնարար հարցերը։ Դրանք ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ու քաղաքական իրադարձություններ են, որոնք ձևավորել են քրիստոնեության հիմքերը և ազդեցություն ունեցել աշխարհի քաղաքակրթական ընթացքի վրա։

Առաջին էկումենիկ ժողովը գումարվել է Նիկեայում՝ 325 թվականին, երբ Հռոմի կայսր Կոստանդին Մեծը հրավիրեց քրիստոնեական աշխարհի առաջնորդներին՝ լուծելու եկեղեցում առաջացած վարդապետական տարաձայնությունները։ Այդ ժողովում ձևակերպվեց հավատքի խորհրդանշանը՝ Նիկեական հավատամքը, որը մինչ օրս ընթերցվում է քրիստոնեական շատ եկեղեցիներում։

Ժողովները ժամանակի ընթացքում դարձել են հարթակ՝ քննարկելու ոչ միայն աստվածաբանական հարցեր, այլև եկեղեցու միասնության ու ինքնության հիմնախնդիրները։ Տարբեր դարերում նրանք արձագանքել են նաև քաղաքական և հասարակական փոփոխություններին՝ երբեմն դառնալով կայսրությունների ու ժողովուրդների միջդավանաբանական երկխոսության կամ հակամարտության կենտրոններ։

Էկումենյան շարժման կազմակերպությունը ձևավորում է ստացել 1948 թ. օգոստոսի 30-ին Ամստերդամում գումարված իր առաջին համաժողովում, երբ ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ, նստավայրը՝ Ժնև)։ Էկումենյան շարժման մասնակից եկեղեցիների գործունեությունը համակարգող այս կազմակերպության նպատակն է զարգացնել քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը, հաղթահարել տարաձայնությունները։ ԵՀԽ-ի բարձրագույն մարմինը համաժողովն է, այն գումարվում է յոթ տարին մեկ, ընտրում Կենտրոնական կոմիտե, որը հիմնական գործող մարմինն է համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում։ Հայ եկեղեցին ԵՀԽ-ին անդամակցել է 1962-ի օգոստոսին` փարիզյան նստաշրջանում, Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի՝ նույն թվականի ապրիլի 26-ի դիմումով։

ՀԱԵ-ի տեղը համաքրիստոնեական եկեղեցիների ընտանիքում

Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ տեղ ունի համաքրիստոնեական եկեղեցիների ընտանիքում։ Պատմականորեն այն մասնակցել է առաջին երեք էկումենիկ ժողովներին՝ Նիկեա (325 թ.), Կոստանդնուպոլիս (381 թ.) և Եփեսոս (431 թ.), որոնց որոշումները լիովին ընդունում է և այսօր էլ պահպանում իր դավանաբանական ու հավատավոր կյանքի մեջ։

Սակայն չորրորդ ժողովից՝ Քաղկեդոնից (451 թ.), սկսած, Հայ Եկեղեցին առանձնացել է՝ մերժելով Քաղկեդոնական վարդապետությունը Քրիստոսի բնությունների վերաբերյալ։ Այդ տարբերությունը դարերի ընթացքում ձևավորել է ՀԱԵ-ի առանձնահատուկ ինքնությունը՝ դառնալով ոչ թե բաժանման պատճառ, այլ՝ դավանաբանական ինքնատիպության հիմք։

Այսօր, սակայն, Հայ առաքելական եկեղեցին չի մնում փակ կամ մեկուսացած այդ պատմական դիրքորոշման մեջ։ Վերջին տասնամյակներում Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է էկումենիկ շարժմանը՝ պահպանելով իր դավանաբանական անկախությունը, սակայն ընդգծելով քրիստոնեական միասնության և երկխոսության անհրաժեշտությունը։

ՀԱԵ-ն Համաշխարհային եկեղեցիների խորհրդի (World Council of Churches) անդամ է, և նրա ներկայացուցիչները մշտապես մասնակցում են միջազգային միջեկեղեցական հանդիպումների, համաժողովների և երկխոսությունների՝ թե՛ Կաթոլիկ, թե՛ Օրթոդոքս, թե՛ Բողոքական եկեղեցիների հետ։

Թեև Հայ առաքելական եկեղեցին չի մասնակցում որպես դավանաբանական կողմ Կաթոլիկ եկեղեցու կողմից նախաձեռնված էկումենիկ ժողովներին (օրինակ՝ Պապի ներկայությամբ անցկացվող Վատիկանի սինոդներին կամ Նիկեայի 1700-ամյակի նշմանը Թուրքիայում), այն կարող է ունենալ դիտորդական ներկայացվածություն։ Սա թույլ է տալիս ՀԱԵ-ին լինել երկխոսության մաս՝ առանց փոխելու իր դավանաբանական դիրքերը։

Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիայում կայանալիք էկումենիկ ժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնող Հռոմի Լևոն XIV-ը պապը նոյեմբերի 30-ին կաղոթի Ստամբուլի հայկական առաքելական տաճարում։ Նախորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնտեղ չի եղել իր 2014 թվականի այցելության ժամանակ, բայց մեկ տարի անց նա զայրացրել է Թուրքիային, երբ օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Ռազմագերիներ