
Թրամփը կարգադրել է վերսկսել միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ում․նա բացատրել է, թե ինչու
ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը 30-ամյա մորատորիումից հետո տեղին է` հաշվի առնելով, որ նման փորձարկումներ են անցկացնում նաև այլ երկրներ. Հարավային Կորեայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ CNN-ի փոխանցմամբ՝ նա նաև ապամիջուկայնացման ցանկություն է հայտնել։
«Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ մեկը։ Մենք չենք փորձարկում, բայց քանի որ ուրիշներն են անում, կարծում եմ՝ մեզ համար էլ նպատակահարմար կլինի դա անել», – ասել է նա։ «Նրանք բոլորը, կարծես, փորձարկում են միջուկային զենք»,- հավելել է Թրամփը։
Նա չի մանրամասնել, թե երբ կամ որտեղ են ԱՄՆ-ում տեղի ունենալու միջուկային փորձարկումները՝ նշելով միայն, որ «ունեն փորձարկման վայրեր»։
«Դրա մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ «կցանկանար տեսնել ապամիջուկայնացում»։
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ, և եթե ինչ-որ բան անենք, Չինաստանը կմիանա մեզ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նախկինում TruthSocial սոցիալական ցանցում գրել էր. «Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես»։
Նա նաև ասել էր, որ Ռուսաստանն աշխարհում երկրորդ խոշորագույն միջուկային զենքի պաշարն ունի, մինչդեռ «Չինաստանը երրորդն է, բայց հինգ տարվա ընթացքում նրանք կհավասարվեն»։


