31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՊՀ-ում ակադեմիական ազատությունները լրջորեն խախտվում են․ Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ-ում ակադեմիական ազատությունները լրջորեն խախտվում են․ Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանի ազատումը ակադեմիական ազատությունների սահմանափակման և քաղաքական ճնշման դրսևորում է համարում ԵՊՀ-ի նախկին դասախոս, միջազգային գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը:

ABC Media-ի հետ զրույցում Սողոմոնյանը նշեց, որ համալսարանական միջավայրը չի արձագանքում տեղի ունեցող անարդարություններին:

«Ցավոք սրտի, համալսարանական միջավայրը կոշտ արձագանք չի տալիս այս ամենին։ Պատասխանատվություն չեն պահանջում ռեկտորից, ինչի հետևանքով ակնհայտ է, որ նման դեպքերը շարունակաբար կհանգեցնեն չափանիշների խստացման»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում այս իրավիճակը նոր չէ․ եթե անցյալ տարի իրեն և Աբրահամ Գասպարյանին ազատեցին աշխատանքից, իսկ Խաչիկ Գալստյանի ծանրաբեռնվածությունը կրճատեցին՝ քաղաքական հայացքների համար, ապա Սահակ Մանուկյանի դեպքում կիրառվել է «շատ ավելի խիստ մոտեցում»։

«Սահակ Մանուկյանը իշխանամետ չէ, սակայն նաև քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Նա պարզապես մասնագիտական դիտարկում էր արել՝ բացատրելով զրպարտության և վիրավորանքի տարբերությունը։ Եվ փաստորեն հենց այդ մասնագիտական խոսքի համար մարդուն հեռացրել են աշխատանքից»,- ընդգծեց Սողոմոնյանը։

Միջազգայնագետը համոզված է, որ տեղի ունեցածը վկայում է ԵՊՀ-ում ակադեմիական ազատությունների բացակայության և կամայական որոշումների մասին։

«Այս երևույթը չի քննարկվել ոչ դեկանատի, ոչ էլ ամբիոնի նիստում։ Եթե քննարկվեր, պետք է արձանագրվեր, որ այստեղ էթիկայի նորմի խախտում չկա։ Դա պետք է քննվեր էթիկայի հանձնաժողովում, քանի որ տեղի ունեցածը կամայականություն է»,- ասաց նա։

Սողոմոնյանը նաև անդրադարձավ այն փաստին, որ ուսանողի կողմից դասախոսի խոսքը ձայնագրելը՝ առանց վերջինիս թույլտվության, խախտում է ոչ միայն բարոյական, այլև իրավական նորմերը։

«Այսօր հաճախ ապօրինի ձայնագրությունների և գաղտնալսումների հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Սա դատապարտելի է։ Չի կարելի բացառել նաև, որ տվյալ ուսանողը հատուկ ուղղորդված էր՝ դասախոսին ձայնագրելու կամ տեսանկարահանելու համար»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Սահակ Մանուկյանը տարիներ շարունակ վայելել է թե՛ ուսանողների, թե՛ գործընկերների սերն ու հարգանքը, և կատարվածը «ակնհայտ ապօրինություն է»

«Սահակ Մանուկյանը մեր ֆակուլտետի լավագույն դասախոսներից է։ Այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ, բացարձակապես անարդար է։ Ես կառաջարկեմ ուսանողին ներողություն խնդրել և հետ վերցնել իր դիմումը, իսկ ֆակուլտետի ղեկավարությանը՝ պահպանել ֆակուլտետի հեղինակությունը»,- ասաց Սողոմոնյանը։

Մենուա Սողոմոնյանը վստահ է, որ ԵՊՀ գիտխորհուրդը պետք է ապահովի արդար քննություն՝ հատկապես դասախոսների ազատման դեպքում։ «Դասավանդելը Սահակ Մանուկյանի կոչումն ու առաքելությունն է։ Չի կարելի գրչի մեկ հարվածով, կամայական որոշումով զրկել մարդուն իր մասնագիտական իրավունքից»,- եզրափակեց նա։

Ռազմագերիներ