
Ո՞վ է Ռուբեն Վարդանյանի ադրբեջանցի փաստաբանը
Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը կցել են ադրբեջանցի փաստաբանի։ Նա Էմիլ Բաբիշովն է։ Փաստաբանը կրթությունը ստացել է Ադրբեջանի Միջազգային համալսարանում՝ 2001 թվականին։ Փաստաբանների պալատի անդամ է։ Ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ ունի։ Երբևէ հայտնի չի եղել բարձր հրապարակայնություն ունեցող գործերով։ Բաբիշովը բնակվում է Խիրդալան քաղաքում։
Ռուբեն Վարդանյանին փաստաբանական ծառայություն առաջարկող ադրբեջանցու ինստագրամյան էջը ողողված է հայերի դեմ ատելության խոսքով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր միջազգային փաստաբանից։ Վարդանյանը Բաքվից մեկնաբանել է որոշումը՝ ասել է՝ հարկադրված էր։
«Միջազգային իրավունքի նորմերի, նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Բաքվում ադրբեջանցի փաստաբան է ունեցել արդեն դատապարտված Վագիֆ խաչատրյանը։ Այդ «ուժեղ» պաշտպանության շնորհիվ գերեվարված Խաչատրյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Նույն սցենարը կրկնվում է․ Ռուբեն Վարդանյանը ստիպված է կանգնել այնպիսի «պաշտպանության» առաջ, որը ծառայում է ոչ թե արդարությանը, այլ Բաքվի քաղաքական պատվերին։



