
Եթե ՀԷՑ-ն ունենար էլ․ էներգիայի սակագինն իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին․ ՀԾԿՀ-ի արձագանքը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է Նարեկ Կարապետյանի՝ բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարությանը։
«Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝
- Իրենց կողմից բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։ Ինչպես արդեն նշել ենք 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկն ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։
- Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։
- Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։
- Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի՝ սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ։
- Եթե ՀԷՑ-ն ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին»։
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր, թե ինչպես էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով։


