
Հայաստանի սահմանային անվտանգությունը կախված է Աթենքի և Դելիի օգնությունից, ոչ թե Անկարայի և Բաքվի հետ խաղաղությունից․ փորձագետ
Վաշինգտոնի վերլուծական կենտրոնների և լոբբիստական շրջանակների ամերիկացի քննադատներն ու թուրք քարոզիչները շարունակում են քննադատել ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում՝ որպես ապացույց այն բանի, որ Հայաստանը ռուսական սատրապություն է և թշնամաբար է տրամադրված Արևմուտքի շահերի նկատմամբ։ Այս մասին գրում է Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը Mirror Spectator-ում հրապարակված հոդվածում։
Նա նշում է, որ սա կեղծ փաստարկ է։ 102-րդ ռազմական բազայի առաքելությունը հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն է։
Հեղինակի խոսքով՝ այսօր Հայաստանն ավելի քիչ է Ռուսաստանի ուղեծրում, քան Վրաստանը կամ Մոսկվայի նավթագազային գործընկեր Ադրբեջանը: Հայաստանի՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» խաթարել է Ռուսաստանի ավանդական ազդեցությունը Հայաստանում: Ռուսաստանի կողմից ԼՂ հայերին Ադրբեջանի հարձակումներից պաշտպանելու անկարողությունը 2020 և 2023 թվականներին ամրապնդել է Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը ժողովրդական մակարդակով: Միևնույն ժամանակ՝ Գյումրիում գտնվող ռուսական բազան հատկապես ժողովրդականություն չի վայելում քաղաքի բնակիչների շրջանում՝ ռուսական զորքերի վատ վարքագծի պատճառով։
ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, կարծես, միայն ժամանակի հարց է՝ հաշվի առնելով դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձը, Ռուսաստանի զորքերի պակասը և այլուր նրա ռազմական կարիքները։ Չնայած ռուսական վարձակալության պայմանագիրը նախատեսված է ավարտել 2044 թվականին, քիչ հավանական է, որ ռուսական զորքերն այդքան երկար մնան։
Ինչպես նշում է հեղինակը, թեև հայերը քիչ են ցանկանում առնչվել Ռուսաստանի հետ, նրանք անհանգստանում են իրենց սահմանների համար։ Թուրքիան ձգտում է վերաձևավորել սահմանները և վերաշարադրել դարավոր պայմանագրերը։
Ըստ հեղինակի՝ երբ Ռուսաստանը հեռանա, Հայաստանը պետք է դիմի Հունաստանին՝ նրան փոխարինելու համար։ Հունաստանի զորքերի տեղակայման վերաբերյալ Թուրքիայի բողոքը, որպես ՆԱՏՕ-ի անդամի, հաջողություն չի ունենա։ Որպես Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհ՝ հույները Հայաստանին մոտենում են համակրանքով և հասկանում են նրանց վախերը։
Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ձգտում են առաջ մղել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ է արտահայտվել եվրոպացի դիտորդների կողմից սահմանի և վերահսկողության գծերի մոնիթորինգին մասնակցությանը։
Թրամփը և Ռուբիոն կարող են շրջանցել Ալիևի արհեստական մտահոգությունները՝ վարձելով հնդիկ խաղաղապահների՝ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու և պարեկելու համար։ Եթե Ալիևը կարևորում է խաղաղությունը, նա քիչ պատճառ կունենա բողոքելու հնդկական ներկայությունից. հնդիկներն ամենափորձառու խաղաղապահներից են, և նրանց զինվորականները հմուտ են լեռնային, կոշտ տեղանքում պարեկելու հարցում։ Ադրբեջանի կողմից պակիստանցի վարձկաններ վարձելը հնդիկ դիտորդների վերաբերյալ ցանկացած բողոք դարձնում է երեսպաշտություն։
Ըստ Ռուբինի՝ Հայաստանի սահմանային անվտանգության ապագան ավելի շատ կախված է Աթենքի և Դելիի օգնությունից և ոչ թե Անկարայի և Բաքվի հետ խաղաղությունից:


