
Պուտինն ու Թրամփը պայքարում են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ազդեցության համար․ The Washington Post
ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները, ինչը Բրյուսելի բարձրաստիճան դիվանագետին ստիպել է մեղադրել Մոսկվային «կրակի հետ խաղալու» համար, վերստին բորբոքել են Ուկրաինայից այն կողմ, այդ թվում՝ Ղազախստանում և Հայաստանում, լարվածության աճի վախերը. գրում է The Washington Post-ը։
Ըստ պարբերականի՝ մինչ ուշադրությունը կենտրոնացած է Բալթյան երկրների վրա, Մոսկվան տեղեկատվական պատերազմ է մղել իր բակում՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։
Ըստ The Washington Post-ի՝ Մոլդովան մնում է Մոսկվայի գլխավոր լաբորատորիան, որտեղ, նախագահ Մայա Սանդուի խոսքով , հարյուր միլիոնավոր եվրոներ են ծախսվել քաղաքական միջամտության համար։ Այժմ նմանատիպ նախազգուշացնող նշաններ են երևում ավելի արևելքում՝ Ղազախստանում և Հայաստանում: Երկուսն էլ գտնվում են Ռուսաստանի ավանդական ազդեցության ոլորտում: Երկուսն էլ նահանջում են, և երկուսն էլ այժմ բարձր տեղ են զբաղեցնում Կրեմլի մտահոգությունների ցանկում։
Վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից բարձրաստիճան ռուս պաշտոնյաներին ներկայացված 2024 թվականի գաղտնի զեկույցում նախազգուշացվել է, որ Մոսկվան կորցնում է դիրքերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Միևնույն ժամանակ՝ այս տարածաշրջանները դարձել են կարևոր ԱՄՆ շահերի համար՝ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով։
Հոդվածում նշվում է, որ Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի հետ միասին կազմում է «Միջին միջանցքը», որն առևտրային երթուղի է։ Այն կապում է Ասիան և Եվրոպան՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը: Վերջին ամիսներին Մոսկվան ակտիվացրել է տարածաշրջանն անկայունացնելու իր ջանքերը:
«Վաշինգտոնը կարող է գործել Հայաստանում: ԱՄՆ տեսանելի ներդրումները Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և խոստումնալից արհեստական բանականության ոլորտում ցույց կտան կայունության իրական պարգևներ, նախքան ընտրողները հաջորդ տարի կգնան ընտրությունների։ ԱՄՆ-ն պետք է նաև խորացնի կապերն Ադրբեջանի հետ», – գրում է պարբերականը:
Ինչպես նշվում է, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից ի վեր Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա թուլացել է, քանի որ երկուսն էլ թեքվել են դեպի Արևմուտք, ինչը գագաթնակետին է հասել 2025 թվականին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրով: Մոսկվայի համար այդ գործընթացը խափանելը կվերականգնի «Միջին միջանցքի» վրա ազդեցության լծակները, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանը կրկին թեքվում է դեպի Ռուսաստան:
Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում հետխորհրդային տարածքի մեծ մասը դուրս է մղել Մոսկվայի ուղեծրից, սակայն այդ բացը երկար չի տևի։


