
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի տարածումը՝ հիմք ստեղծելով հայկական տարածքի նկատմամբ պահանջների համար․ OC Media
OC Media-ի կողմից ուսումնասիրված արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը. մի արշավ, որը, թեև ձևակերպվում է որպես մարդասիրական, հիմք է ստեղծում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական պահանջների համար։ Ինչպես նշել է կայքը, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի շուրջ կենտրոնացած արշավ՝ մի տերմին, որը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ՝ Հայաստանի Հանրապետության մի մասին կամ ամբողջին։ Արշավը ձևակերպվում է որպես մարդասիրական ջանք՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին» աջակցելու համար։ Ժամանակի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության։ Նախաձեռնությունն այժմ երբեմն օգտագործվում է որպես հռետորական գործիք Բաքվի և Երևանի միջև շարունակվող հակամարտությունում։ Անկախ փորձագետներն, այդ թվում ՝ տարածաշրջանային վերլուծաբան Թոմաս դե Վաալն, այս խոսույթում բացահայտել են հստակ իռեդենտիստական ենթատեքստեր։
OC Media-ի կողմից ձեռք բերված Ադրբեջանի կառավարության արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս քննարկումը սերտորեն համակարգվում և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից՝ չնայած հրապարակայնորեն այն ղեկավարվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (WAC) կողմից։ «Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական եռանդը։ Այն ծառայում է որպես գործիք՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և մարդկանց սոցիալական խնդիրներից ու նրանց զրկված իրավունքներից շեղելու համար։ Ավելին, այն գործում է որպես Դամոկլեսյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», – OC Media-ին հայտնել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալտայ Գոյուշովը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի աշխատակազմն անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուներ և պատրաստելով PR նյութեր։ Աշխատանքների կենտրոնում է «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» վերնագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը տեղի է ունեցել Բաքվում 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը։
Ադրբեջանը պետական միջոցներից ծախսել է ավելի քան 109 միլիոն դոլար՝ ներառյալ հյուրանոցային կացության, աուդիովիզուալ արտադրության, բրենդավորման և բովանդակության տարածման թվային հարթակի ստեղծման համար։ Հյուրընկալվել են առնվազն 34 օտարերկրյա մասնակիցներ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից։ Հյուրերի թվում էին իտալական և հունական համալսարանների գիտնականներ, ռուսական հաստատությունների վերլուծաբաններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը և նախկին խորհրդականը Դոնեցկից: Որոշ մասնակիցներ արդեն իսկ Բաքվում էին, այդ թվում՝ պետական կառավարվող ADA համալսարանի օտարերկրյա գիտնականներ։ Համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը» պայմանագիր էր կնքել պետական աջակցությամբ գործող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» պորտալում պատմողական բովանդակություն տեղադրելու համար: Նրանց դերն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները հասնեն միջազգային լրատվամիջոցներին։ Այդումենայնիվ, քիչ մասնակիցներ են հրապարակայնորեն անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, և միջազգային լուսաբանումը սակավ է եղել: «Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ կիրառում է իռեդենտիստական հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով Երևանը և Զանգեզուրը պատմականորեն ադրբեջանական տարածքներ», – բացատրել է Գոյուշովը:
Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 2022 թվականի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման խոսույթ է կիրառել ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ելույթի ժամանակ: Նա Հայաստանն անվանել է «պատմական ադրբեջանական հող»։
2025 թվականի հունվարին, երբ ընթանում էին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն, Ալիևն էլ ավելի սրեց իր դիրքորոշումը։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցներին տված երկար հարցազրույցում նա Հայաստանը որակեց որպես «ֆաշիստական պետություն»՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձը չընդունելու պատճառով»։ Հետագայում հարցազրույց վարողը հավելել է, որ Ալիևը իր նախորդ երկու ռազմավարական նպատակներին՝ «Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը և նրա վերակառուցմանն» ավելացրել է երրորդն՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը Հայաստան»։ Այնուամենայնիվ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որտեղ հայ և ադրբեջանցի առաջնորդները նախաստորագրեցին, բայց չստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծը, Արևմտյան Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմացավ։
Պայմանագիրը ներառում է մի կետ, որը արգելում է երկու կողմերի տարածքային պահանջները, և մեկ այլ կետ՝ միջազգային դատարաններում միմյանց նկատմամբ իրավական պահանջներից հրաժարվելու մասին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայերի վերադարձի իրավունքի հարցի վերաբերյալ։ «Ադրբեջանի կառավարությունն այս դիսկուրսն օգտագործում է որպես գործարքի առարկա պատերազմից հետո Ղարաբաղը լքած ավելի քան 100,000 հայերի հետ», – նշել է Գոյուշովը։
Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Վաֆա Նագիևան նշել է․ «Իր աշխարհաքաղաքական գործառույթից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջանի դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան նարատիվի խորհրդանշական ընդլայնում։ Այն տեղահանության հիշողությունը վերածում է բարոյական լեգիտիմության և կոլեկտիվ ինքնության մի ձևի»։ Նա հավելել է, որ դիսկուրսը կարող է օգտագործվել բազմաթիվ նպատակներով։ «Այս ռազմավարությունը հասարակությանը հուզականորեն մոբիլիզացված է պահում անավարտ արդարադատության գաղափարի շուրջ և ամրապնդում է պետության հաղորդակցական վերահսկողությունը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում», – նշել է Նագիևան։ Սակայն այս դիսկուրսը ամբողջությամբ չի վերացել։
Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպել է թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում։ Նույն ամսվա վերջին Գերմանիայում ևս կազմակերպվել է միջոցառում այս թեմայով։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ իրազեկվածությունը։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում է կազմակերպվել Բրյուսելում։ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հոկտեմբերի 26-ին նշել է, որ Հայաստանը «այլ ընտրություն չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում՝ կարող է «վտանգել հայկական պետության գոյությունը»։ Նրա խոսքով՝ սա կանխելու համար Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմաններըն այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը»։


