
Երբ «4-րդ հանրապետության» բռնակալը գիտակցաբար անարգում է պետական հիշողությունը․ Աբրահամ Գասպարյան
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Սևանա լճի ադրբեջանական լինելու մասին Ալիևի հայտարարության մասին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այն պահից, երբ Հայաստանի ԱԺ նախագահը, նրա ղեկավարը, տեղակալը կամ իշխանության քարոզչամեքենայի խոսափողներն սկսում են պատմաքաղաքական թեմաների, Սևանա լճի կամ հայկական տեղանունների իբր «ադրբեջանական» լինելու մասին խոսել նույն բառապաշարով, լեզվամտածողությամբ և նարատիվով, ինչ Ադրբեջանի նախագահը, մենք արդեն մտնում ենք ինքնաոչնչացման խժռող մեքենա։
Ադրբեջանը երբեք չի հանդուրժելու հայկական ինքնիշխան և ինքնուրույն պետության գոյությունը Հարավային Կովկասում: Սա իրենց համար ռազմավարական ծրագիր է՝ անկախ աբսուրդի մակարդակից և ինքնակործան գաղափարի վտանգից: Իշխանության հերթական հակագիտական հայտարարությունն ու խեղաթյուրված մտորումը պարզապես լեզվական կամ պատմագիտական սխալ չէ։
Սա գիտակցված, մշակված և ուղղորդված քաղաքական տեխնոլոգիա է՝ հայության պատմական հիշողությունը ջնջելու և հայկական տարածքների ինքնությունը վերագրելու ասպատակողներին։ Հենց այսպես էին գործում պատմության բոլոր գաղութարարները՝ փոխելով բնիկների տեղանունները, ջնջելով մշակութային շերտերը, վերացնելով ժառանգությունը. Արցախը՝ վկա:
Հայկական տեղանուններն ունեն հազարամյակների խորք, ձևավորվել են դեռևս ուրարտական, նախահելլենական, ապա միջնադարյան ժամանակաշրջաններում՝ պահպանելով լեզվական, աշխարհագրական և հոգևոր իմաստության շերտերը։ Թյուրքական ցեղերը, երբ 11-14-րդ դարերում ներխուժեցին մեր տարածքներ, սկսեցին համակարգված փոխել տեղանունները՝ փորձելով վերացնել հայկական ինքնության հետքերը։ Սակայն այդ փոփոխությունները երբեք չեն ջնջել բնօրինակը, աշխարհագրական հիշողությունը, մշակութային ժառանգությունը, քաղաքակրթական ազդեցությունը։ Միջազգային իրավունքն ու պատմագիտական պրակտիկան հստակ ապացուցել են, որ ոչ մի զավթող պետություն չի կարող իրեն «վերագրել» այլ պետության տարածքի ինքնությունը «նոր անվանման» հիման վրա։ UNESCO-ն և ICJ-ն բազմիցս ընդգծել են՝ մշակութային ժառանգության աղավաղումը համարվում է մշակութային ցեղասպանության ձև։ Միջազգային փորձից ընդամենը երկու օրինակ. Կիպրոս 1974-ի թուրքական ներխուժումից հետո Հյուսիսային Կիպրոսում թուրքական իշխանությունները փոխեցին ավելի քան 3 000 հունական տեղանուն։ Սակայն միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել այդ նոր անվանումները։ ՄԱԿ-ի և ԵՄ բոլոր փաստաթղթերում շարունակում են օգտագործվել հին՝ հունական անվանումները՝ իրավական և պատմական հիմքով։ Հունաստան Հունաստանում հռոմեական և օսմանյան ժամանակաշրջանում բազմաթիվ տեղանուններ աղավաղվել էին։ Պետությունը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց պետական մակարդակի վերականգնման ծրագիր, որով վերադարձվեց ավելի քան 1 500 պատմական անուն՝ որպես ազգային հիշողության վերականգնման ակտ։ Ազգերը, որոնք պաշտպանում են իրենց տեղանունները, պաշտպանում են իրենց պատմական տարածքը, ինքնությունը։ Եվ հակառակը՝ ով հրաժարվում է իր տեղանուններից, հրաժարվում է նաև իր պատմությունից, տարածքից։ Ադրբեջանին հերթական անգամ հաճոյանալու և խաղաղության անիրատեսական գործընթացը իբր չտորպեդահարելու մանիպուլյատիվ թեզը վաղուց հուղարկավորվել է: Հայաստանի իշխանությունը հերթական անգամ հատեց ինքնանվաստացման, ժողովրդի և պետության պատմական հիշողության կարմիր գիծը: Պի՛նդ եղեք»:


