05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանը Դավիթ Համբարձումյանի անմեղությունն ապացուցող տեսանյութ է հրապարակել

Փաստաբանը Դավիթ Համբարձումյանի անմեղությունն ապացուցող տեսանյութ է հրապարակել

Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ․ այս մասին գրել է փաստաբան Գայանե Պապոյանը` կից հրապարակելով տեսանյութ։

«Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի  տեսանյութը և կարդալ ստորև նշված վերլուծությունները։

Այսպես,

Տեսանյութի 00։00-00։02 հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանն ի սկզբանե չի գտնվում տեղում վիճաբանող անձանց խմբի մեջ, այլ ձախից դեպի աջ քայլելով հասնում է վիճաբանության վայր։

Տեսանյութի 00։03-00։05 վարկյանին պատկերված են սույն գործով տուժող Աբրահամ Ինջիղուլյանը (կարմիր և սև վերնազգեստով) և Արա Պողոսյանը (ամբողջությամբ սև հագուստով):

Այդ ողջ ընթացում Դավիթ Համբարձումյանը որևէ գործողություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հահոյում, չի հրում, նրա պահվածքից  պարզ է դառնում, որ վերջինս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում։

Դավիթ Համբարձումյանը  գտնվում է տուժողներից առնվազն 3-4 մետր հեռավորության վրա, ընդ որում` իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնած։

Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետ տուժողների և անհայտ անձանց միջև տեղի է ունենում թեժ վիճաբանություն, քաշքշուկ, ենթադրվում է նաև հարվածներ։

Ըստ էության` սա հենց այն պահն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Դավիթ Համբարձումյանն այդ ողջ ժամանակահտվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում և չի մասնակցում դրանց։

Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակին, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն պատկերում է ավտոմեքենայի ամիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացում հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից գտնվում է շուրջ 5-6 մետր հեռավորության վրա։

Տեսանյութի 00։14 վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ և նկարահանում է արդեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ավտոմեքենայի աջ դռանը հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջիղուլյանը։

0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը:

00։22 ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները։

00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։

Այսինքն այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը  10 վայրկյան:

00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության` խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցների։

00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանւթյան աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։

Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն  է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևէում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։

Այսինքն դա ոչ թե կրակոց է, այլ կամ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոց, կամ ավտոմեքենայի անսարքության պատճառով խլացուցիչից հնչող պայթյունի ձայն և առաջացող ծուխ։

Նշվածը համընկնում է նաև տուժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ պահին կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատռվել են։ Տեսանյութի 00։36-ին տեսադաշտում հայտնվում է թվով երրորդ ոստիկանության աշխատակիցը։

Տեսանյութի 00։38-ին տեսադաշտում հայտնվում է թվով չորրորդ ոստիկանության աշխատակիցը, բջջային հեռախոսը ձեռքին, շատ հանգիստ պահվածքով։

Տեսանյութի 00։48-ին պատկերված են տուժողներ Աբրահամ Ինջիղուլյանը և Արա Պողոսյանը, ովքեր տեսանյութի 00։14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահնումը, աջ հատվածում դեպի հետ, այսինքն չեն գտնվել այնտեղ որտեղ գտնվել են  Դավիթ և Գոռ Համբարձումյնաները։

00։51-ին տուժողները շրջվում և քայլում են դեպի այն անձանց կողմ, ում հետ քիչ առաջ վիճաբանում էին, հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններիս որևէ մեկը չի հարվածում, ընդհակառակը` փորձում են հանդարտեցնել։

Ըստ տեսանյութի` բուն վիճաբանությունը և քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է 00։14-ին։

Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չաղաղակել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ շատ ակնհայտ և պարզ է։

Պարզապես մի բան մոռացվում է.

Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող փախչել: Չորս երեխայի անմեղ հորը ՔԿՀ ուղարկելը չի կարող լինել ընդունելի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով:

Սա հերթական նոնսենսն է, որի նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից» ,-գրել է փաստաբանը։

Ռազմագերիներ