05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուհում պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել․ Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին

Բուհում պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել․ Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված դասախոսի մասին

ԵՊՀ-ից դասախոս Սահակ Մանուկյան մասին նախարարությունն է ստացել բողոք և ուղարկել բուհին՝ դիտարկման․ այս մասին ԱԺ-ում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը  Մանուկյանին մեղադրել է ժամավաճառությամբ զբաղվելու համար։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին է։Ես կարծում եմ, որ ուսանողները բավական հասուն մարդիկ են, որպեսզի կարողանան գնահատել իրենց մատուցվող նյութի բովանդակությունն ու նպատակը։ Ամենևին չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին, դասախոսները չպետք է դրանով զբաղվեն։ Կրթության համար դու վճարում ես ու դրա դիմաց պետք է ստանաս որակյալ գիտելիք, հմտություն ու կարողություն։ Բուհում անցկացված ամեն րոպեն ու ամեն ժամը պետք է ունենա իմաստ ու նպատակ։ Ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,- ասել է Անդրեասյանը։

Նա վստահ է, որ ուսանողները ճիշտ են անում, որ չեն հանդուրժում ցանկացած վարքագիծ, որը կապված չէ իրենց առարկայի և դասախոսության հետ։ Նա ասել է, որ անթույլատրելի է նման ուսանողներին թիրախավորելը, քանի որ նրանք բարձրաձայնում են խնդիրները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր ռեկտորի հրամանով իրեն աշխատանքից ազատելու մասին։ Հետագայում պարզվել է, որ հեռացման պատճառը կապված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դստեր հետ։ Դուստրը դասախոսության ժամանակ լուսանկարել է Մանուկյանի գրածը գրատախտակին, և լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին։

Լուսանկարը համարվել է դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին հաջորդել է նրա աշխատանքից ազատումը։

Ռազմագերիներ