05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհայտ ծագման բլոգերի դեմ զրպարտանքի գործով երկրորդ դիմումն է ներկայացվել Դատախազություն

Անհայտ ծագման բլոգերի դեմ զրպարտանքի գործով երկրորդ դիմումն է ներկայացվել Դատախազություն

Անհայտ ծագման բլոգեր Նատալի Ալեքսանյանի գրառումից հետո, որում բարեգործական հիմնադրամները մեղադրվում են փողերի լվացման համար, երկրորդ դիմումն է ներկայացվում Դատախազություն այս անգամ գրառման մեջ հիշատակված «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Բաղդասարյանն է ներկայացնողը։

ABC Media-ի հետ զրույցում Ելենա Բաղդասարյանն ասաց, որ չի ճանաչում գրառման հեղինակին, բայց տեղեկացել է, որ տվյալ կինը Թուրքիայում է ապրում։ Հիմնադրամի տնօրենը ենթադրում է, որ հրապարակումը եղել է վճարված, և չնայած 2000-ից ավել բողոք է եղել Ֆեյսբուքին, սակայն գրառումը չի հեռացվել, ինչը կասկածի տեղիք է տալիս։

Գրառման մեջ իրեն վերաբերող հատվածին, թե «ասում են՝ հենց այդպես է վարվում նաև ղարաբաղցի Ելենա Բաղդասարյանը, որը համարվում է բարեգործության ոլորտի հայտնի խարդախներից մեկը», Բաղդասարյանն արձագանքեց «Այո, ես Արցախից եմ և հպարտանում եմ դրանով, Արցախում իմ արմատներն են, իմ տատիկի և պապիկի գերեզմաններն են և Արցախի կորուստը ես համարում եմ մեր ազգի համար ամենամեծ կորուստը, և քանի որ շեշտվել է իմ ծննդավայրը, կարծում եմ՝ դա է եղել թիրախավորելու նպատակը, այսինքն՝ սերմանել ատելություն արցախցիների և հայաստանցիների միջև»։

Ելենա Բաղդասարյանը շեշտում է այն փաստը, որ հիմնադրամը ստեղծել է 2018 թվականին, իսկ մինչև այդ մի քանի տարի կամավորական սկզբունքներով աշխատել է մանկական նյարդաբանության ոլորտում և երբեք օնկոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների համար դրամահավաք չի կազմակերպել։ «Կյանքի ճանապարհ» հիմնադրամն իր հովանավորների և անցկացվող ծրագրերի շնորհիվ կարողանում է 5000-ից ավելի երեխաների օգնել դեղորայքային բուժման, ախտորոշիչ հետազոտությունների և այլ հարցերով, իսկ իրենց ծախսերը լինում են անհատական ու անվանական՝ յուրաքանչյուր երեխայի համար հետագա հաշվետվությամբ։ 

«Ի դեպ՝ հիմնադրամը ստեղծվել է ոչ թե նրա համար, որ Արցախից եմ, այլ հենց էպիլեպսիա ունեցող երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, երբ իմ որդին փոքր ժամանակ հիվանդացել է էպիլեպսիայով, այնուհետև չորս տարի անց բուժվել, ծագել է այդ միտքը», – նշեց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է գրառման այն հատվածին, ըստ որի՝ իբր թե բարեգործները կապի մեջ են մտնում հայ գործարարների հետ, որպեսզի ֆինանսավորում ստանան, հիմնադրամի տնօրենը ծիծաղելի է համարում, քանի որ իրենց հովանավորների մոտ 90 տոկոսը կանայք են, բացի այդ՝ եթե կապի մեջ լիներ նրանց հետ, գումարը կստանար իր անձնական հաշվին, ոչ թե հիմնադրամի։

Եթե գանք իրականության դաշտ, ապա հիմնադրամն իր բոլոր հովանավորների հետ աշխատում է պայմանագրային սկզբունքով

«Եթե լուրջ հիմք լիներ, ես կկարողանայի սա լուրջ ընդունել, բայց այստեղ ես վտանգ եմ տեսնում, որովհետև սա իմ հեղինակության հարցն է, որը ես վաստակել եմ երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ, ոչ մի անգամ որևէ կեղտոտ պատմության մեջ իմ անունը չի շոշափվել․․․ ինձ այս պատմության մեջ նշել է զուտ իմ արցախցի լինելու պատճառով», – ենթադրում է Ելենա Բաղդասարյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր դիմելու են Դատախազություն։ «Մենք կշարունակենք զբաղվել մեր կարծում եմ շատ անհրաժեշտ գործունեությամբ՝ չխառնվելով այդ պրոցեսի մեջ, թող արդեն մեր պետությունը անի այն, ինչ իր պարտականությունն է», – այսպես է խնդրի լուծումը տեսնում հիմադրամի տնօրենը։

Հիշեցնենք, որ ոմն Նատալի Ալեքսանյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ անվանական մեղադրել է մի քանի կազմակերպությունների՝ գումար գրպանելու համար և քաղցկեղով հիվանդ երեխաների համար կատարվող դրամահավաքը համարել «շահավետ բիզնես», իսկ արցախցիներին՝ այդ բիզնեսը հիմնողներ։ «Վիվա» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը երեկ դիմել է Դատախազություն։

Ռազմագերիներ