
Ախտոյանների ընտանիքը հեռացել է Մերձավանից․ Փարաքարի համայնքապետը մանրամասներ է հայտնել
Ախտոյանների ընտանիքը հեռացել է գյուղից. այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։
«Ինչքան գիտեմ՝ վերջին դեպքերից հետո Ախտոյանները հեռացել են գյուղից։ Չեմ կարող հստակ ասել՝ ինչ պատճառով, բայց ինձ փոխանցած տեղեկություններով՝ ոստիկանությունն է այդպես որոշել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է Ավերդյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։


