06 Նոյ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունն ընդգծում է Հարավային Կովկասում առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը․ Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունն ընդգծում է Հարավային Կովկասում առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի համար։

Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանից հացահատիկի գնացքն առաջին անգամ ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանով և Վրաստանով։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով բեռնափոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար»,- ինչպես հայտնել է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է Օվերչուկը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների անմիջական հետևանքն է, որոնք ամրագրված են նրանց 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում։ Դա տաեղի է ունեցել նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի շնորհիվ։

Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման զգալի ներդրում է և ընդգծում է համագործակցության նկատմամբ համատեղ հանձնառությունը։

«Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է գործում։ Այս իրադարձությունն իրական, զգալի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և վկայում է մեր աշխատանքի մասին՝ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման համար»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը Հայաստանի շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը։

«Խորհրդանշական է, որ այս երթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարչագործության ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը»,- նշել է Օվերչուկը։

Ռազմագերիներ