
Խցերում միջատներ ու կրծողներ, անկողնային և հիգիենիկ պարագաների պակաս․ ՄԻՊ-ը «Արմավիր» ՔԿՀ-ում խնդիրներ է արձանագրել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Չհայտարարված մշտադիտարկման արդյունքում խախտումներ են արձանագրվել․
- քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով,
- մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
- պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերն ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն,
- արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կցագրման խնդիրներ,
- արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ժամանակին, առանց ձգձգումների կազմակերպելու դժվարություններ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ,
- ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի,
- արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում խուզարկության համար առանձնացված սենյակում՝ խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին։ Ավելին, նշված սենյակը բժշկական զննության համար նախատեսված և կահավորված չէ,
- նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
- արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ,
- արձանագրվել է մասնաշենքերում, այդ թվում՝ խցերում միջատների և կրծողների առկայություն,
- ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ տեղեկություններ, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քննություն,
- արձանագրվել են դատարան տեղափոխվող անձանց սննդով ապահովելու հետ կապված խնդիրներ,
- հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար,
- արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ,
- արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ,
- առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն։


