
Ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանը լիովին հանձնվում է Թրամփին Վաշինգտոնում, Ալիևին՝ Բաքվում և Էրդողանին՝ Անկարայում․ IDN-InDepthNews
Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ուժեղացնում է հարևան երկրի նկատմամբ իր պահանջները, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը շարունակում է սրվել․ գրել է միջկրոնական երկխոսության և քաղաքականության ռազմավարության փորձագետ Բենուա Լաննուն IDN-InDepthNews վերլուծական հարթակում հրապարակված հոդվածում։
Անդրադառնալով հայ հոգևորականների ձերբակալություններին՝ հեղինակը գրել է․ «Այդ բոլոր ձերբակալությունները հայ հասարակության մեջ նույն բախման մասն են կազմում։ Իսկ ի՞նչ կասեք Արցախի կորստի մասին։ Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման մասին։ Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գործարքի մասին։ Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության է եկել 2018 թվականի գարնանը «թավշյա հեղափոխությամբ», մեծ ժողովրդականություն էր վայելում եվրոպացի նեոլիբերալ քաղաքական գործիչների շրջանում, ինչպիսիք են Բորիս Ջոնսոնը Միացյալ Թագավորությունում, Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայում կամ Շառլ Միշելը՝ Բելգիայում։ Բայց ի՞նչ բերեց Արևմուտքին ուղղված շրջադարձը Հայաստանին»։
Ըստ Բենուա Լաննուի՝ Փաշինյանն իսկապես հանձնվեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է բիզնես վարել տարածաշրջանում՝ առանց բախվելու հյուսիսում Ռուսաստանի, ոչ էլ հարավում Իրանի կողմից խոչընդոտների։ Սա է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նպատակը։
Հեղինակի խոսքով՝ Ամերիկայի նախագահը հետաքրքրված չէ խաղաղությամբ, այլ՝ միայն Ադրբեջանից Թուրքիայի միջոցով Արևմուտք ռեսուրսների տեղափոխմամբ։ Սպիտակ տանը Վաշինգտոնի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մեկ օր անց Թրամփը նույնիսկ չի կարողացել ճիշտ արտասանել այն երկու երկրների անունները, որտեղ նա «խաղաղություն» էր պարտադրել։ Երբ Օվալաձև աշխատասենյակում Թրամփը խոստացավ, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը կքննարկի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի՝ «մեծ առաջնորդի» հետ։ Այդ ժամանակվանից ի վեր այդ մասին ոչինչ չի խոսվել։
Փորձագետը նկատել է, որ Ալիևը բնավ հակված չէ զսպել իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ավելին՝ այդ ագրեսիայի համար Դոնալդ Թրամփը նրան պարգևատրել է Սպիտակ տանը: Երկուշաբթի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված ելույթում Բաքվի բռնապետը կրկին իր հարևանին անվանել է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Սևանա լիճը՝ Գոյչա լիճ։ Ալիևը նաև հայտարարել է «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք» խթանելու իր մտադրության մասին: Իսկ Ալիևի այն պնդումը, թե 2800-ամյա Երևանն ադրբեջանական քաղաք է, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայկական կատակն այն մասին, որ «Կոկա-Կոլան ավելի հին է, քան Ադրբեջանն», ավելի շատ է համապատասխանում է իրականությանը։ Հեղինակն ընդգծել է, որ հակահայատյացությունն Ալիևի ռեժիմի հենասյունն է։
«Բայց ընտրություններում չես հաղթի՝ ընդունելով, որ անզոր ես։ Սա բացատրում է, թե ինչու է Փաշինյանը փորձում ամբողջապես ջնջել Արցախի հարցը սեղանից, և ինչու է նա լիովին հանձնվում ավելի ուժեղ նախագահներ Թրամփին՝ Վաշինգտոնում, Ալիևին՝ Բաքվում և Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայում՝ հույս ունենալով, որ տնտեսական բարգավաճումը շուտով կարող է բավարարել հայ ընտրողներին», – գրել է փորձագետը։
Սակայն Հայ առաքելական եկեղեցին շարունակում է անհանգստացնել նրան։ Եկեղեցին և քաղաքական գործիչները, որոնք եկեղեցու կողքին են, հրաժարվում են մոռանալ անցյալը, շարունակում են պաշտպանել Արցախից հարյուր հազար փախստականների վերադարձի իրավունքը և ընդհանրապես չեն վստահում հարևան երկրներին՝ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Թուրքիայում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը դեռևս անփոփոխ կերպով ժխտվում է։ Ճիշտ այնպես, ինչպես Ալիևը շարունակում է պնդել, որ արցախցիները երկու տարի առաջ իրենց կամքով են փախել տարածաշրջանից…
«Բայց ես չեմ հասկանում, թե ինչու է վարչապետ Փաշինյանն այս հակամարտությունը հասցնում նման գագաթնակետի։ Ինչո՞ւ է հանկարծ նրա կառավարությունը հայտարարում, որ Արարատ լեռը, որը հայկական ինքնության բացառիկ խորհրդանիշն է, նույնիսկ եթե այն գտնվում է Թուրքիայի տարածքում, կանհետանա Հայաստան մտնող անձանց վիզայի կնիքներից։ Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը ցուցադրաբար մասնակցում պատարագին, որը վարում է մի քահանա, ով բացահայտորեն ուրանում է կաթողիկոսին և, հետևաբար, կարգալույծ է արվել հայ առաքելական հոգևորականության կողմից։ Փաշինյանն, ըստ երևույթին, հույս ունի աճող ժողովրդականության վրա՝ համարձակվելով ասել, որ Գարեգին Բ-ն իր կուսակրոնության խոստումը չափազանց լուրջ չի ընդունում», – գրել է հեղինակը։
Հեղինակը հավելել է, որ քրիստոնեությունը Հայաստանում ավելի շատ ինքնություն է, քան՝ պրակտիկա։ Հայերի շրջանում անտարբերությունն անհամեմատ ավելի մեծ է։ Փաշինյանը պառակտում է և ամրապնդում այն անտարբերությունը, որը հիասթափված մարդկանց պահում է տանը։


